Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2024» զորավարժություններին
Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի Նովոսիբիրսկում օգոստոսի 14-ից 16-ն անցկացվելիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Կոբալտ-2024» զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ռոսգվարդիայի ղեկավարությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ռոսգվարդիայի մամուլի ծառայությանը։
«2024 թվականի օգոստոսի 14-ին ՌԴ Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության ղեկավարությամբ Նովոսիբիրսկի մարզում՝ գերատեսչության ուսումնական կենտրոնի բազայում, տեղի կունենա ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի կառավարման մարմինների և հատուկ նշանակության ուժերի կազմավորումների «Կոբալտ-2024» հատուկ վարժանքի հանդիսավոր բացումը։ Զորավարժությունները կավարտվեն օգոստոսի 16-ին», - նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ միջոցառմանը կմասնակցեն ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Հաղորդվում է, որ երեք օրվա ընթացքում վարժանքի մասնակիցները կփոխանակվեն փորձով և կբարելավեն հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների միջև փոխգործակցության հմտությունները: ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված ստորաբաժանումները ձեռք կբերեն անօրինական զինված կազմավորումների որոնման, հայտնաբերման և ոչնչացման համատեղ գործողությունների գործնական հմտություններ: Օդուժի և ԱԹՍ-ների կիրառմամբ՝ հատուկ ջոկատայինները կխաղարկեն շենքի և տրանսպորտի վրա գրոհելու, պատանդների ազատ արձակման և գրոհայինների չեզոքացման սցենարներ:
ՀԱՊԿ առաջիկա զորավարժությունների մասնակից երկրների թվում Հայաստանը չի նշվում։
Հայաստանը վերջին շրջանում բոյկոտում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում անցկացվող միջոցառումները, այդ թվում՝ զորավարժությունները։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նա նշել էր, որ ՀԱՊԿ-ն չի կատարել Հայաստանի նկատմամբ պարտավորությունները, ինչն առանց հետևանքների չէր կարող մնալ։
Կարծիքներ