Ռուսական խաղաղապահ զորամիավորումը խաղաղապահ առաքելություն է իրականացնում, թե՞ դիտորդական
Օգոստոսի 3-ին վաղ առավոտից ադրբեջանական զինված ուժերը խոշորամասշտաբ զորամիավորումներով հարձակման է անցել Լաչինի միջանցքի ուղղությամբ, միաժամանակ հրետանային և օդուժի կրակի տակ պահելով Արցախի մի շարք այլ սահմանամերձ դիրքեր։
Այս մասին հայտնում է Medianews-ը:
Ժամեր շարունակվող մարտերի ընթացքում հայկական կողմը արդեն տվել է 3 զոհ, տասնյակի հասնող վիրավորներ։ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները նորություն չեն և ինչոր տեղ միշտ էլ սպասելի են եղել, սակայն այս համատեքստում մեկ, կարևոր տրամաբանական հարց է առաջանում՝ որտե՞ղ է ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորամիավորումը, արդյո՞ք նկատելի չէ, որ Ադրբեջանը ոչ թե դիվերսիոն հարձակում կամ սադրանք է իրականացնում, այլ բացահայտ ագրեսիայի է դիմել։
Անցած մեկուկես տարիներին խաղաղապահ առաքելության իրականցնող ռուսական զորամիավորման թույլ տված անգործությանը, անվճռականությանը եթե հնարավոր էր արդարացումներ գտնել, ապա այսօր տեղի ունեցած իրադարձությունները թույլ են տալիս եզրակացնելու, որ տվյալ կոնտինգենտը հանցավոր անգործության է մատնված, եթե չասենք՝ հանցավոր համաձայնության մեջ է ադրբեջանական կողմի հետ։
Հակառակ դեպքում ի՞նչ բացատրություն կարելի է տալ այն քար լռությանը և ոչինչ չձեռնարկելուն, որին ականատես ենք դառնում։ 2020թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հստակ սահմանված են ՌԴ խաղաղապահ առաքելություն իրականացնող զորամիավորման պարտավորությունները։
Սևով սպիտակի վրա նշված է, որ զորամիավորումն է իրականացնում Լաչինի միջանցքով Հայաստանի և Արցախի անխափան կապի ապահովումը։ Սակայն Ադրբեջանի ագրեսիային որևէ կերպ չարձագանքելը վկայում է, որ խաղաղապահները միջանցքում տեղակայված են, ոչ որպես խաղաղապահ, այլ ընդամենը դիտորդական առաքելություն իրականացնող խմբավորում։
Տարեսկզբին Փառուխի դեպքերի ժամանակ ՀՀ իշխանությունները բարձրաձայնեցին խաղաղապահների գործունեությունը հետաքննող մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտության մասին, որը այդպես էլ կյանքի չկոչվեց, ինչի բացասական հետևանքները արդյունքը հիմա առավել քան ակնհայտ են։
Աներկբա է, որ Արցախի բնակչության անվտանգության երաշխավորումը ստանձնած խաղաղապահ զորամիավորումը գլխավոր պատասխանատուն է ադրբեջանական զինուժի իրականացրած հարձակման համար։
Կարծիքներ