Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ մասնակցել է Արցախի բարձրագույն պարգևներ հանձնելու արարողությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Ստեփանակերտում ներկա է գտնվել Արցախի Հանրապետության բարձրագույն պարգևներ հանձնելու հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը` տիկնոջ հետ, Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Հայաստանի և Արցախի կառավարությունների ու խորհրդարանների ներկայացուցիչները և այլք: Միջոցառման ընթացքում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու պարգևները` Ոսկե արծիվ շքանշանները հանձնել է Արթուր Մկրտչյանի այրուն և Արմենակ Ուրֆանյանի մայրիկին: Արցախյան պատերազմի ժամանակ կապի համակարգի արդիականացման, առաջնագծում զինծառայողների անվտանգ ծառայության գործում ունեցած ներդրման, ինչպես նաև ռազմարդյունաբերության բնագավառում ունեցած ծառայությունների համար և Արցախի Հանրապետության հռչակման 29-րդ տարեդարձի կապակցությամբ պահեստազորի ենթասպա Վահրամ Թամրազյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:
Կարծիքներ