Այսօր Գուրգեն Մարգարյանի սպանության տարելիցն է
Փետրվարի 19-ին լրանում է սպա Գուրգեն Մարգարյանի սպանության հերթական տարելիցը։ 2004թ. հենց այս օրը Հունգարիայում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած վիճակում կացնահարել էր 25-ամյա Գուրգեն Մարգարյանին։
Գուրգեն Մարգարյանի հետ նույն սենյակում բնակվող Քութի Բալաշը հետո պատմել է. «Երեկոյան ինքը թեյել է, գնացել քնելու, Գուրգենը շարունակել է պարապել, ապա 21:30-ի սահմաններում գնացել է հայաստանցի մեկ այլ սպայի՝ Հայկ Մակուչյանի սենյակը։ Թե երբ է վերադարձել, հունգարացին չի զգացել, միայն առավոտյան կողմ զգացել է, որ ինչ որ մեկը վառել է լույսը։ Մտածել է՝ Գուրգենն է, հետո լսելով խլացված ձայներ` շրջվել է, ու տեսել ադրբեջանցուն՝ Ռամիլ Սաֆարովին, մեծ կացինը ձեռքին կանգնած Մարգարյանի անկողնու մոտ:
«Այդ ժամանակ ես հասկացա, ինչ-որ սարսափելի բան է տեղի ունեցել։ Չորս բոլորը արյուն էր։ Ես սկսեցի գոռալ, որ ադրբեջանցին դադարեցնի իր գործը։ Նա ասաց, որ ինձ հետ խնդիր չունի և ինձ չի վնասի։ Նրա դեմքի արտահայտությունը ուրախ էր, կարծես թե կարևոր գործ էր վերջացրել։ Ես շոկի մեջ էի, վազեցի դուրս օգնություն կանչելու, Ռամիլը գնաց ուրիշ ուղղությամբ» - պատմել է հունգարացին»։
Սպանությունից անմիջապես հետո ադրբեջանցին գնում է մյուս հայ սպայի սենյակը՝ ցանկանալով նրան նույնպես սպանել։ Միջանցքում նա հանդիպել է աղմուկի վրա դուրս եկած ուզբեկ սպային, ադրբեջանցին նրան առաջարկել է միասին գնալ և սպանել երկրորդ հայ սպային։ Ուզբեկը փորձել է հանգստացնել մարդասպանին, բայց նրան չի հաջողվել հանդարտեցնել։
Ռամիլը արյունոտ կացինը ձեռքին մոտեցել է Մակուչյանի սենյակին, սակայն դուռը փակ է եղել։ Չկարողանալով կոտրել դուռը, նա սկսել է բարձր ձայնով վանկարկել Մակուչյանի անունը։ Կիսաքնած Մակուչյանը մոտեցել է դռանը, որպեսզի բացեր դուռը, բայց իր սենյակում ապրող Լիտվայի ներկայացուցիչը, ով երեկոյան փակել էր սենյակի դուռը, երկրորդ անգամ է փրկում հայ սպայի կյանքը:
Բուդապեշտի քաղաքային դատարանը 2006-ի ապրիլին Սաֆարովին դատապարտեց ցմահ ազատազրկման՝ առաջին 30 տարվա ընթացքում առանց համաներման իրավունքի։ Սակայն 2012թ․ օգոստոսին Հունգարիան Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջան, որտեղ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան նույն օրը ներում շնորհվեց, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից կոչումը բարձրացվեց լեյտենանտից մայորի։
2013թ. մարտին Մարգարյանի իրավահաջորդները դիմեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ներկայացնելով անհատական հայց Ադրբեջանի և Հունգարիայի դեմ: Նրանք պահանջում են ճանաչել, որ Հունգարիայի կողմից Ադրբեջանին Սաֆարովի փոխանցումը և Ադրբեջանի կողմից նրան ներման շնորհումը և ըստ էության` արդարացումն ու հերոսացումը, խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով (այն է՝ կյանքի իրավունք) և 14-րդ հոդվածով (խտրականության արգելք) ամրագրված հիմնարար իրավունքները։
Մարգարյանը հուղարկավորվել է Եռաբլուրի զինվորական պանթեոնում:
Կարծիքներ