ԵՄ-ն պատրաստվում է ծախսել հարյուր միլիոնավոր եվրո Թուրքիայում փախստականներին օգնելու համար
Եվրամիությունը պատրաստվում է ծախսել հարյուր միլիոնավոր եվրոներ հաջորդ տարվա ընթացքում Թուրքիայում ապրող փախստականներին օգնելու համար, հաղորդում է Reuters-ը:
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ընդլայնում է երկու ծրագիր. մեկը ներկայացնում է դրամական օգնություն Թուրքիայում փախստականներին նրանց հիմնական պահանջմունքները բավարարելու համար, իսկ մյուսը նեւկայացնում է միջոցներ երեխաների կրթության համար:
Ծրագիրը կերկարաձգվի մինչեւ 2022 թվականի սկիզբը 485 միլիոն եվրո արժողությամբ:
Ծրագիրն իրականացվում է Թուրքիայի Կարմիր Մահիկի, Կարմիր Խաչի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համակարգմամբ: Գումարն ուղիղ չի փոխանցվում Թուրքիայի կառավարությանը:
Թուրքիայում բնակվում է շուրջ 4 միլիոն փախստական: Նրանց շուրջ 70 տոկոսը կանայք են եւ երեխաներ, իսկ ճնշող մեծամասնությունն ապրում է միգրանտների համար նախատեսված ճամբարներից դուրս:
ԵՄ-ն հույս ունի, որ Թուրքիան կդադարեցնի միգրանտների եւ փախստականների փորձերն ապօրինի մուտք գործելու ԵՄ անդամ 27 երկրներ:
2016 թվականին ԵՄ-ն Թուրքիային առաջարկել էր օգնություն տրամադրել սիրիացի փախստականներին երկրի տարածքում աջակցելու համար 6 միլիարդ եվրոյի չափով, եթե Թուրքիան դադարեցնի միգրանտների փորձերը ներթափանցել Եվրոպա: Ժամանածների թիվը կտրուկ կրճատվել էր:
Սակայն մարտին Թուրքիայի իշխանությունները սկսել էին ուղարկել տասնյակ միգրանտներ Եվրոպա, երբ տասնյակ թուրք զինվորներ էին սպանվել Սիրիայի հյուսիսում: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել էր օգնության համար Եվրոպային Սիրիայի հյուսիսում իրավիճակի կապակցությամբ, սակայն նրա դիմումը մերժվել էր, եւ նա մեղադրել էր ԵՄ-ին 2016 թվականի համաձայնագրի նրա պարտավորությունները չկատարելու մեջ:
ԵՄ առաջնորդները նույնպես մեղադրել էին Էրդողանին շանտաժի մեջ, սակայն այնուհետեւ խոստացել վերանայել գործարքը Եվրոպայի սահմաններին կատարվող քաոսին վերջ տալու համար:
Կարծիքներ