Նրանք Հայաստանի քաղաքացիներ են. Մոսկվան չի պատրաստվում քայլեր ձեռնարկել ԼՂ նախկին նախագահների առնչությամբ
Մոսկվան մեկ անգամ ևս հայտարարել է, որ չի պատրաստվում քայլեր ձեռնարկել Բաքվի կողմից ձերբակալված ԼՂ նախկին նախագահներին և մյուս պաշտոնյաներին ազատ արձակելու համար։
«Նրանք Հայաստանի քաղաքացիներ են կամ մարդիկ, որոնք սեփական կամքով հրաժարվել են ռուսական անձնագրից։ Հետևաբար, այդ հարցերը պետք է լուծվեն նախ և առաջ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջև»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 3-ին, ձերբակալվել և Բաքու են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի երկու նախկին առաջնորդները՝ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, ինչպես նաև ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը:
Նույն օրը հայտնի դարձավ, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները Ստեփանակերտում բերման էին ենթարկել Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին։
Կարծիքներ