Իսրայելում նշել են Լիբանանի հետ համաձայնագրի ստորագրման պայմանները
Իսրայելը Լիբանանի հետ համաձայնագիր կստորագրի միայն այն դեպքում, երբ Բեյրութի իշխանությունները համաձայնեն հյուսիսի տարհանված բնակիչներին իրենց տները վերադարձնելու իսրայելական բոլոր պահանջներին և անվտանգության միջազգային երաշխիքների առկայության դեպքում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։
Նա հիշեցրել է, որ այս տարվա սեպտեմբերի 17-ի ռազմաքաղաքական կաբինետի որոշումը հստակեցրել է՝ հյուսիսային ճակատում Իսրայելի ռազմական գործողությունների նպատակը տեղի բնակիչների անվտանգ վերադարձն է իրենց տներ։
«Իսրայելը ողջունում է ԱՄՆ-ի և այլ երկրների բանակցային ջանքերը հրադադարի համար, բայց մենք պատրաստ կլինենք համաձայնագիր ստորագրել, երբ քաղաքացիների անվտանգ վերադարձի մեր բոլոր պայմաններն ընդունվեն լիբանանյան իշխանությունների կողմից և ուղեկցվեն համապատասխան երաշխիքներով»,-նշել է Գենդելմանը։
Կարծիքներ