Նոյեմբերի 26-ին հայկական կողմին հանձնված 21-ամյա բնակչը բռնության է ենթարկվել Ադրբեջանի ԶՈՒ կողմից․ Արցախի ՄԻՊ
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ մոլորվելու հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված, այնուհետև ռուս խաղաղապահների միջնորդությամբ հայկական կողմին վերադարձված Միհրան Մուսայելյանը բռնության է ենթարկվել ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից։
«2021 թ․ նոյեմբերի 23-ին մոլորվելու հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Աշան համայնքի՝ 2000 թ. ծնված բնակիչ Միհրան Մուսայելյանը նոյեմբերի 26-ին ռուսական խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել էր հայկական կողմին։
Նախնական բժշկական զննության արդյունքում պարզվել էր, որ Արցախի Հանրապետության քաղաքացին բռնության է ենթարկվել ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից։
Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որն այսօր ներկայացվել է նաև Արցախի դատախազության կողմից, հաստատել է այդ հանգամանքը։
Ադրբեջանցիների կողմից բռնության, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի հետևանքով քաղաքացին ստացել է մի շարք վնասվածքներ մասնավորապես՝ Մ. Մուսայելյանի մարմնի վրա արձանագրվել, հայտնաբերվել էր քերծվածքների ու արյունազեղումների տեսքով 40-ից ավելի վնասվածք, կրծքավանդակի փակ, բութ վնասվածք՝ կրծոսկրի մարմնի կոտրվածքի ձևով, որն ուղեկցվել է կրծքավանդակի օրգանների վնասումով՝ ձախակողմյան ենթամաշկային էմֆիզեմիայի ու պնևմոմեդիաստենումի զարգացումներով, որոնք առաջացրել են առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
Հայ գերիների և ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված անձանց նկատմամբ ադրբեջանական կողմը էթնիկ և կրոնական ատելության հիմքով ցուցաբերել և ցուցաբերում է առանձնակի դաժանություն և բռնություն։ Այս իրավիճակը տարիների ընթացքում Ադրբեջանում պետական ամենաբարձր մակարդակով իրականացվող հայատյացության քաղաքականության ուղիղ հետևանքն է»,- գրել է Գեղամ Ստեփանյանը:
Կարծիքներ