Մի խումբ անձինք հանձնել են հրազեններ ու ռազմամթերք (տեսանյութ)
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների և վետերանների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանում բնակվող մի կին բաժին էր բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են հանգուցյալ եղբորը։
Նոր Նորքի համայնքային ոստիկանների և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Ջրվեժում բնակվող մի տղամարդ բաժին էր բերել թմբուկավոր ատրճանակ, նռնակներ, պահեստատուփեր ու փամփուշտներ։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում։
Հրազենը, պահունակն ու փամփուշտները բաժին բերած տղամարդու հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքը. Նորագավիթում բնակվող մի տղամարդ բաժին էր բերել տարիներ առաջ մահացած հոր «Կալաշնիկովի» ինքնաձիգը։
Նշանակվել են փորձաքննություններ։
Հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Կարծիքներ