ԱՄՆ պետքարտուղարը և Ֆրանսիայի արտգործնախարարը քննարկել են իրավիճակը Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի սահմանային գոտում
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսով քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանամերձ շրջանում տիրող իրավիճակը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ սա հետեւում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի տարածած հայտարարությունից։
Բլինկենի ու Լը Դրիանի զրույցը տեղի է ունեցել շաբաթ օրը։ Նրանք քննարկել են Ուկրաինայում և նրա շրջակայքում Ռուսաստանի անհանգստացնող ռազմական ակտիվության մասին հաղորդումները, ինչպես նաև Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը նրանց շարունակական հավատարմությունը:
«Նրանք նաև քննարկել են Իրանի միջուկային ծրագրին լուծում գտնելու համատեղ ջանքերը»,- հավելել է Փրայսը։
Ուրբաթ օրը ԱՄՆ շտաբների պետերի ղեկավար գեներալ Մարկ Միլլին ասաց, որ ԱՄՆ-ը ներկայումս կարծում է, որ ռուսական զորքերի զորավարժությունները Ուկրաինայի հետ սահմանի մոտ ակնհայտ ագրեսիվ չեն:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով իրավիճակը, արևմտյան լրատվամիջոցների ակնարկներն Ուկրաինայի տարածք ներխուժելու ծրագրերի մասին անվանել էր լարվածության անհիմն սրացում։ Նա կրկնել է, որ ՌԴ ԶՈւ տեղաշարժերը Ռուսաստանի տարածքում չպետք է անհանգստացնեն որեւէ մեկին։
Կարծիքներ