Ստեփանակերտի օդանավակայանից ավիափոխադրումների մեկնարկի ժամկետ նշելը բարդ է
Ռուսական խաղաղապահների մասնակցությամբ ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտի օդանավակայանի կառուցման աշխատանքները շարունակվում են օր ու գիշեր, սակայն ավիափոխադրումների մեկնարկի կոնկրետ ժամկետ նշելը դեռևս բարդ է, РИА Новости-ին ասել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:
«Որքանով ես գիտեմ, Ռուսաստանը ապրանքներ է հասցնում Երևան, որտեղից մեքենայով տեղափոխում են Ստեփանակերտ: Այժմ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ օդանավակայանը կառուցվում է: Դա արվում է, որպեսզի Ռուսաստանից ինքնաթիռները կարողանան ուղիղ Ղարաբաղ թռչել», – ասել է Սարգսյանը:
Այն հարցին, թե ինչպես կարող է Ռուսաստանն օգնել Ղարաբաղին պատերազմից հետո վերականգնվելու հարցում, քաղաքապետը պատասխանել է. «Մեզ միայն խաղաղություն է պետք. խաղաղություն և կարգավիճակ: Հիմա մարդիկ գիտեն, որ ամեն ինչ լավ է լինելու, բայց դեռ հարց են տալիս, թե ինչպիսին է լինելու մեր տարածաշրջանի կարգավիճակը»:
Նյութի աղբյուր՝ shantnews.am
Կարծիքներ