Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին վթարի է ենթարկվել բլոգեր Արսեն Հակոբյանը. վերջինիս վիճակը ծանր է

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում 36-ամյա Արսեն Հակոբյանը իր վարած Jeep Grand Cherokee մակնիշի ավտոմեքենայով Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի Լեռնագործների փողոցի վերջնամասում դեռևս անհայտ հանգամանքներում վթարի է ենթարկվել և կողաշրջվել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Ա. Հակոբյանը տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ-ի, ոստիկանության, քննչական կոմիտեի աշխատակիցները: Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքի տեղեկություններով՝ վիրավոր Ա. Հակոբյանը բլոգեր է, որը վերջին ժամանակահատվածում դիրքերից ուղիղ եթեր էր մտնում և ներկայացնում իրավիճակը, ինչպես նաև քննադատում իրեն քննադատած բլոգերներին, այդ թվում՝ հանրությանը հայտնի «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանին, որը յութուբյան իր «Հանրային ձայն»-ով մի քանի անգամ անդրադարձել է Ա. Հակոբյանին:
Կարծիքներ