Ստեփանակերտի քաղաքապետը բացօթյա առևտրով զբաղվողներին ևս մեկ անգամ հորդորել է իրենց գործունեությունը ծավալել սահմանված վայրերում
Բացօթյա առևտրի՝ ապօրինի երևույթի ծավալները շարունակում են մտահոգել Ստեփանակերտի բնակիչներին և բնականաբար նաև քաղաքային իշխանություններին: Պատկան մարմինների ներկայացուցիչները բազմիցս են տեղերում նախազգուշացրել հանրային վայրերը սեփական բիզնեսի համար օգտագործող տնտեսվարողներին, որ իրենց գործունեությունը հակաիրավական է:
«Նախ այն խոչընդոտում է երթևեկությանն ու քաղաքացիների ազատ տեղաշարժին և հետո էլ խաթարում է քաղաքի արտաքին տեսքը:
Ցավոք, բազմապիսի բացատրական աշխատանքները ցանկալի արդյունքներ չունեցան: Խնդրի քննարկման նպատակով Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հանդիպման է հրավիրել բացօթյա առևտրով զբաղվողներին: Ոչ բոլորն են արձագանքել քաղաքապետի առաջարկին: Այնուհանդերձ հանդիպումը կայացել է և երկուստեք մտքեր են փոխանակվել հարցի համապարփակ լուծման տարբերակների շուրջ: Դավիթ Սարգսյանը բացօթյա առևտրով զբաղվողներին ևս մեկ անգամ հորդորել է իրենց գործունեությունը ծավալել սահմանված վայրերում:
Իսկ արդեն երկու շաբաթ անց վերահսկողական մեխանիզմներն ավելի կուժեղացվեն ու դրանք հետևողականորեն կկիրառվեն»,- ասված է Ստեփանակերտի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
Կարծիքներ