Կասկադ համալիրի արդիականացման համար նախատեսվում է ավելի քան 20 մլրդ դրամի ներդրում

Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը ներկայացրեց «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի արդիականացման մանրամասները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում նա նշեց, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է 20 մլրդ 46 մլն դրամի ներդրում, որի նպատակն է Կասկադ համալիրի անավարտ հատվածի կառուցումը՝ ապահովելով մշակութային կոթողի ամբողջական ու ավարտուն տեսքը և դրա կապը Հաղթանակի 50-ամյակի հուշարձանի հետ։
Նախագիծը մշակվել է հեղինակավոր ֆրանսիացի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի կողմից։ Ծրագրի շրջանակում կստեղծվեն 1000 անձի համար նախատեսված համերգասրահ, ժամանակակից արվեստի նոր թանգարան, արվեստանոցներ, ժամանցի և հանգստի գոտիներ։
Հաղթողն ընտրվել է իրավունքի շնորհման բաց մրցույթի արդյունքում։ Կոնսորցիումի անունից հանդես է գալու «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն։
Կառուցվող բոլոր շինությունները, տեխնիկական անհրաժեշտ միջոցներն ու ենթակառուցվածքները ծրագրի ավարտին փոխանցվելու են համայնքին՝ որպես համայնքային սեփականություն։
Ծրագրի շրջանակում ներդրող ընկերությունը հնարավորություն է ստանալու «Կասկադի» աջակողմյան հատվածում կառուցել բազմագործառութային համալիր, որի ճարտարապետական լուծումները նույնպես կտրամադրի Ժան-Միշել Վիլմոտը՝ ապահովելով ներդաշնակություն Կասկադի առկա միջավայրի հետ։
Ծրագիրը նախատեսվում է ավարտել հինգ տարվա ընթացքում։
Կարծիքներ