Ռուսաստանի «հսկայական քայլերը» և Ուկրաինայի «հեղափոխական» առաջարկները. ստամբուլյան բանակցությունների ամփոփումը
Մարտի 29-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի է ունեցել ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը, որի ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց առաջարկները հակամարտության խաղաղ կարգավորման և բանակցվող խաղաղության պայմանագրի վերաբերյալ: Ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Մոսկվան հսկայական քայլեր է արել խաղաղության հասնելու ուղղությամբ և հիմա սպասում է Կիևի պատասխան քայլերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը:
Ռուսական պատվիրակության ղեկավարը կառուցողական է անվանել բանակցությունները:
Ըստ Մեդինսկու՝ ռուսական պատվիրակությունը «հասկանալի ձևակերպված դիրքորոշում» է ստացել ուկրաինական կողմից: Նրա խոսքով՝ Կիևի առաջարկները կքննարկվեն մոտ ժամանակներում, դրանց մասին զեկույց կներկայացվի Ռուսաստանի նախագահին, ինչից հետո Մոսկվան կտա իր պատասխանը:
Ներկայացնելով ստամբուլյան բանակցությունների հիմնական արդյունքները՝ ՏԱՍՍ-ը նշում է, որ Ռուսաստանը ընդառաջ երկու քայլ է անում քաղաքական և ռազմական հարթություններում կոնֆլիկտի ապաէսկալացման ուղղությամբ:
Քաղաքական հարթությունում Ռուսաստանը առաջարկում է արագացնել նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպումը: Եթե ի սկզբանե նախատեսվում էր, որ նախագահները կարող են հանդիպել միայն արտգործնախարարությունների մակարդակով պայմանագրի նախաստորագրումից հետո, ապա այժմ այդ երկու հանդիպումները նախատեսվում է անցկացնել միաժամանակ:
Ռազմական հարթությունում ռուսական զինված ուժերը արմատապես կկրճատեն ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններով: Թե կոնկրետ ի՞նչ տեսք կունենա ռազմական ակտիվության կրճատումը նշված ուղղություններով, ըստ աղբյուրի, առայժմ հայտնի չէ. ՌԴ զինուժի գլխավոր շտաբը հայտնելու է մանրամասները ռուսական պատվիրակության վերադառնալուց հետո: Սակայն Վլադիմիր Մեդինսկին ասել է, որ դա չի նշանակում, թե ռազմական գործողությունները ամբողջությամբ կդադարեցվեն:
Ռուսական պատվիրակության ղեկավարը հայտարարել է, որ նշվածով Մոսկվան հսկայական քայլեր է արել խաղաղության հասնելու ուղղությամբ և հիմա «պատասխան շարժում» կամ այլ խոսքերով՝ համարժեք քայլեր է ակնկալում Կիևից: Մեդինսկու խոսքով՝ հարկավոր է դեռ երկար ճանապարհ անցնել՝ Մոսկվայի և Կիևի միջև փոխադարձաբար ընդունելի պայմաններով համաձայնագիր պատրաստելու համար:
Ուկրաինական կողմն էլ իր հերթին առաջարկել է Ղրիմի և Սեվաստոպոլի կարգավիճակի շուրջ ուղիղ երկկողմ բանակցություններ սկսելու մասին առանձին կետ ամրագրել համաձայնագրում: Ուկրաինական կողմից բանակցող Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Ղրիմի խնդրի շուրջ ուղիղ երկկողմ բանակցությունները և ներկա իրադրությունը 15 տարով ֆիքսելը «հեղափոխական առաջարկ» է:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ Կիևի առաջարկը ենթադրում է, որ ուկրաինական կողմը հրաժարվում է Ղրիմը և Սեվաստոպոլը ուժային ճանապարհով վերադարձնելու ձգտումից:
Ըստ ուկրաինական առաջարկների՝ Կիևը նաև հրաժարվում է զանգվածային ոչնչացման զենքի արտադրությունից և տեղակայումից, ինչպես նաև արգելում է Ուկրաինայի տարածքում օտարերկրյա ռազմական բազաների տեղակայումը:
Մյուս կետը վերաբերում է Ուկրաինայի կարգավիճակի հարցին: Ուկրաինան համաձայնում է ամրագրել իր չեզոք և ոչ միջուկային կարգավիճակը, եթե իրեն տրվեն անվտանգության երաշխիքներ, որոնք «բովանդակությամբ և ձևով պետք է նման լինեն Հյուսիսատլանտյան դաշինքի պայմանագրի 5-րդ հոդվածին»: Դա ներառում է նաև ռազմական օգնություն և ոչ թռիչքային գոտու ստեղծում:
Ըստ Կիևի առաջարկի՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավորների թվում կարող են լինել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունները (ներառյալ Ռուսաստանը), ինչպես նաև Գերմանիան, Իսրայելը, Իտալիան, Կանադան, Լեհաստանը և Թուրքիան: Ընդ որում, նրանց երաշխիքները չեն տարածվի Ղրիմի և Դոնբասի տարածքների վրա: Կիևը պահանջում է, որ երաշխավոր պետությունները ոչ միայն չխոչընդոտեն Ուկրաինայի հնարավոր անդամակցմանը Եվրոպական միությանը, այլև օգնեն, որպեսզի դա տեղի ունենա «հնարավորինս շուտ»:
Կարծիքներ