Եկամտային հարկից ուսման վարձի փոխհատուցման կարգից օգտվել է 748 ուսանող․ ՊԵԿ

Եկամտային հարկից ուսման վարձի փոխհատուցման կարգից օգտվել է 748 ուսանող․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ Հարկային օրենսգրքի փոփոխություններով ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով սահմանվել է եկամտային հարկի վերադարձի իրավունք՝ աշխատող ուսանողների համար: ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողները կարող են իրենց ուսման վարձը փոխհատուցել եկամտային հարկից՝ ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի թիվ 1035-Ն որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկով: Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց` ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2020թ․ հուլիսի 3-ի թիվ 1125-Ն որոշմամբ։

Նշենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի 160.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է մեկ տարվա ընթացքում՝ ֆիզիկական անձի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով, բայց ոչ ավելի, քան ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ Կառավարության հաստատած մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողի (ուսանողի) ուսման համար վճարված գումարը:

Օրենսգրքով սահմանված՝ ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձի իրավունքից օգտվելու համար ՊԵԿ դիմել է շուրջ 870 ուսանող, որոնցից 748-ին արդեն վերադարձվել է եկամտային հարկի գումարները՝ շուրջ 264 միլիոն դրամի չափով: Մնացած դիմումները մերժվել են՝ ներկայացված փաստաթղթերում առկա անհամապատասխանություններով և մի շարք այլ խնդիրներով պայմանավորված։

Առաջացած խնդրիների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դիմել է կրթության ոլորտի լիազոր մարմնին, և վերջինիս կողմից համապատասխան իրավական ակտում փոփոխություններից կամ առկա խնդիրների վերաբերյալ դիրքորոշումների հստակեցումից հետո, կոմիտեն պատշաճ կերպով կշարունակի իրականացնել ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման գործընթացը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում