Վրաստանի ՄԻՊ-ն առաջարկում է երկրում հետաձգել հոկտեմբերի 2-ին նշանակված ՏԻՄ ընտրությունները
Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան քաղաքական կուսակցություններին առաջարկում է հետաձգել հոկտեմբերի 2-ին նշանակված ՏԻՄ ընտրությունները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանում շատ բարդ համաճարակային իրավիճակ է տիրում: Հաղորդում է jnews.ge-ն։
«Այսօր, երբ մենք ունենք օրական 60-70 մահ և պետք է ակնկալենք ավելի խիստ կանոնակարգերի ներդրում, ինչո՞ւ ոչ ոք չի քննարկում նման հնարավորությունը: Ես նույն դժգոհությունն ունեմ ընդդիմության հանդեպ: Ինչո՞ւ ոչ ոք չի քննարկում, արդյո՞ք հնարավոր է նման իրավիճակում ընտրություններ անցկացնել: Ի՞նչը կարող է լինել երկրում ավելի վատ և ողբերգական, քան այն, ինչ տեղի է ունենում հիմա»,-ասել է Լոմջարիան :
Նա շեշտադրել է, որ երկրում կարող է հայտարարվել արտակարգ դրություն և հիշեցրել, որ անցյալ տարի՝ խորհրդարանական ընտրություններից հետո, համաճարակային իրավիճակը նույնպես վատթարացել էր:
ՄԻՊ-ը նաև կարծում է, որ Վրաստանում համաճարակի կառավարման ընթացքում իշխանությունները հենվում են ոչ թե գիտական մոտեցումների, այլ քաղաքական նպատակահարմարության վրա, «ինչը վտանգ է ներկայացնում քաղաքացիների առողջության և կյանքի իրավունքի համար»:
Կարծիքներ