Եթե նույնիսկ ՌԴ-ն ուզենա, կամ որոշի, դուրս բերել իր ուժերը Լեռնային Ղարաբաղից, նա պետք է լրացուցիչ երաշխիքներ ստեղծի. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմա էլ պատրաստ է ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելության ժամկետի ավտոմատ երկարաձգման մասին թուղթը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետը նշեց, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը ԼՂ շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի ընդունած որոշման և մանդատի հիման վրա:
«Նշվում է, որ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունները կանխելու և թույլ չտալու համար: Տեսականորեն, եթե նույնիսկ Ռուսաստանն ուզենա, կամ որոշի, դուրս բերել իր ուժերն այդտեղից, նա պետք է այդ առաքելության լրացուցիչ երաշխիքներ ստեղծի»,-ասաց Փաշինյանը` հավելելով, որ նույնիսկ այդ պարագայում այդ երաշխիքները ոչ միայն պետք է ստեղծվեն, այլև փորձարկվեն:
«ՌԴ այդ ցանկությունը չի կարող լինել ոչ լեգիտիմ: Եթե այդ սպառնալիքը, որի համար խաղաղապահները եկել են այնտեղ, վերացված չէ, Ռուսաստանի հրաժարվելու դեպքում միջազգային մեխանիզմները կգտնեն ձևեր այնտեղ խաղաղապահներ տեղակայելու համար»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
Կարծիքներ