Փետրվարի 26-ին տեղի կունենա «Շիրակի Ձմեռ» ամենամյա փառատոնը
Շիրակի մարզպետարանն ու ՄԱԶԾ Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնը համատեղ փետրվարի 26-ին Մեծ Սարիար բնակավայրի անտառային հատվածում կանցկացնեն ամենամյա «Շիրակի Ձմեռ» փառատոնը։
Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանն ու Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանը համատեղ ասուլիսի ընթացքում ներկայացրել են միջոցառման մանրամասները։
Մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը՝ կարևորելով մարզում ձմեռային տուրիզմի զարգացումը, նշել է, որ «Շիրակի Ձմեռ» փառատոնի անցկացումը տարբեր համայնքներում արդեն ավանդույթ է դարձել մարզում, որի նպատակը մարզի բնակչության ակտիվ հանգիստը և հետաքրքիր ժամանցն ապահովելն է։
Միջոցառումը բաղկացած է լինելու սպորտային, ժամանցային, մշակութային հատվածներից, անցկացվելու են դահուկավազքի, լեռնադահուկի, սնոուկայտինգի, կայտբորդինգի, սնոուբորդի, բազկամարտի, պարանի ձգման, հրաձգության, ռաֆտինգի, փեյնթբոլի, ձնեմարտի (սիրողական), ջիփինգի, սահնակների, արագընթացների (բուռաններ) մրցումներ, լինելու է համերգային հետաքրքիր ծրագիր։
Կարծիքներ