Երևանում այս տարի կբարեկարգվի 210 բակային տարածք
Այս տարի Երևանում կբարեկարգվի 210 բակային տարածք: Գրեթե բոլոր հասցեներում ավելի քան երեք տասնամյակ եղել են միայն զավթած տարածքներ ու ավտոտնակներ:
Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից:
Ըստ աղբյուրի՝ Շենգավիթ վարչական շրջանի բակերից մեկն ամիսներ ցանկապատված, անխնամ տարածք է եղել, կային նաև ավտոտնակներ: Այժմ տեղում հանգստի նոր գոտի է ստեղծվել: Կառուցվել են ճեմուղիներ՝ նստարաններով ու զրուցարաններով: Վերակառուցվել է ֆուտբոլի խաղադաշտն ու խաղահրապարակը, վերականգնվել՝ կանաչ գոտին: Մնացել են վերջին շտկումները:
«Այս բակային տարածքի մի մեծ մասը նախկինում զավթած է եղել բնակիչների կողմից: Այժմ առողջությամբ բաց է տարածքը և կանաչապատ: Այս պահին բարեկարգվում է 35 բակ, դա իսկապես աննախադեպ մեծ ծավալի աշխատանք է»,- ասում է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:
Նշվում է, որ նոր մարզական խաղահրապարակ կունենան նաև Նորագավիթի բնակիչները:
«Գտնվում ենք Թբիլիսյան 33/3 հասցեում, որտեղ ապամոնտաժվել է 8 ավտոտնակ և վերադարձվել է 300 քմ տարածք»,- ասում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գեղամ Կարապետյանը: Վարչական շրջանի տարեկան ծրագրով այժմ Արաբկիրի բակերից մեկնն ամբողջությամբ վերակառուցվում է:
Մալաթիա-Սեբաստիայում ու մյուս վարչական շրջաններում բարեկարգման ընթացքում բակերում անցկացվում է ոռոգման ցանց ու արտաքին լուսավորության նոր համակարգ:
«Տեղադրում ենք լեդ լուսատուներ, որոնք էներգախնայող են, կտեղադրվեն նաև արևային համակարգերով, որոնք մինչև առավոտ կլուսավորեն բակերը»,- ասում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանը:
Աղբյուրը հայտնում է, որ միանման է մոտեցումը նաև խաղահրապարակներում. ռետինե գորգերն ու միաձույլ ռետինե ծածկույթը պարտադիր է՝ երեխաների անվտանգությունն ապահովելու համար:
Կարծիքներ