Խոսվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ վերադարձի մասին. Մանավազյանը մանրամասներ է հայտնել փարիզյան այցից
ԱԺ գործընկերներիս հետ աշխատանքային այցով գտնվում եմ Ֆրանսիայում։ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում հուլիսի 12-ին հանդիպեցինք Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեին:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը՝ նշելով, որ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է այն փաստը, որ ֆրանսիացի բոլոր գործընկերների հետ հանդիպումներն անցնում են Հայաստանի մասին քաջատեղյակ մթնոլորտում:
«Նշվեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի շարունակական միջնորդական ջանքերը, ինչպես նաև խորհրդարանականների հետևողական աջակցությունը և Հայաստանի հետ մշտական կապի մեջ լինելը:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ վերադարձի, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանն աջակցության, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության երաշխիքների սահմանման շուրջ: Ֆրանսիայի ԱԺ նախագահը նշեց, որ մշտապես Հայաստանի կողքին են և շարունակելու են ներդնել բոլոր ջանքերը:
ՀՀ ԱԺ նախագահը երախտագիտություն հայտնեց ջերմ խոսքերի համար` հավատացրեց, որ մեր երկրին և հայ ժողովրդին ցուցաբերած վերաբերմունքը շոշափելի և կենսական նշանակության փոփոխությունների է հանգեցնում»,-գրել է Մանավազյանը:
Կարծիքներ