Հայ և վրացի գործընկերները կիսվել են COVID-19-ի դեմ պայքարի իրենց փորձով
COVID-19-ի համավարակի, կանխարգելիչ միջոցառումների և դրանց արդյունավետության մասին փորձի փոխանակման և ոլորտում առկա հրատապ խնդիրները քննարկելու նպատակով առցանց հանդիպում են ունեցել Հայաստանի և Վրաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների, ինչպես նաև COVID- 19 վերապրոֆիլավորված հիվանդանոցներում պացիենտների բուժումն իրականացնող բժիշկ-մասնագետները:
Քննարկմանը մասնակցել են նաև Հայաստանի առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և վերջինիս գործընկերը` Վրաստանի օկուպացված տարածքների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Թամար Գաբունիան:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին` Լենա Նանուշյանն ընդգծել է համավարակի դեմ պայքարում հարևան երկրների միջև տեղեկատվության և փորձի փոխանակման անհրաժեշտությունը:
Թամար Գաբունիան իր հերթին կարևորել է քննարկվող հարցերի լայն շրջանակը, ինտենսիվ և թերապևտիկ բաժանմունքներում COVID-19 պացիենտների, այդ թվում` հղիների բուժման կազմակերպման հարցում փորձի փոխանակումը:
Հայ և վրացի գործընկերներն անդրադարձել են երկու երկրներում կորոնավիրուսի բուժման մոտեցումներին, պատվաստումային գործընթացին և մայրական մահացության դեպքերի կանխմանը:
Հաշվի առնելով նոյեմբերի վերջին հայտնաբերված COVID-19-ի նոր` «Օմիկրոն» շտամի բարձր տարածելիությունը` մասնագետները նշել են, որ անհրաժեշտ է խթանել պատվաստումային գործընթացը և պատրաստ լինել համավարակի նոր ալիքներին դիմակայելուն:



Կարծիքներ