Գիտելիքի միջոցով ենք մենք ճանաչում ինքներս մեզ, շրջապատող աշխարհը, ձևավորում մեր ապագան. ԵՊՀ ռեկտոր

Գիտելիքի միջոցով ենք մենք ճանաչում ինքներս մեզ, շրջապատող աշխարհը, ձևավորում մեր ապագան. ԵՊՀ ռեկտոր

Սեպտեմբերի 1-ի՝ գիտելիքի և դպրության օրվա առթիվ ուղերձ է հրապարակել եՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: Ուղերձում ասված է.

Սիրելի՛ համալսարանականներ,

շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա, ինչպես նաև նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, որը ոչ միայն նոր բացահայտումների, աճի ու ձեռքբերումների սկիզբ է, այլև անցած ճանապարհի վերանայման, վերարժևորման ու վերաիմաստավորման հնարավորություն:

Տոնական այս օրը ևս մեկ անգամ նշանավորում է գիտելիքի ուժն ու զորությունը: Գիտելիքի միջոցով ենք մենք ճանաչում ինքներս մեզ, շրջապատող աշխարհը, ձևավորում մեր ապագան՝ նպաստելով մեր հասարակության բարելավմանը: Երևանի պետական համալսարանը նոր ծրագրերով ու նախաձեռնություններով պատրաստ է շարունակել կրթական ու հետազոտական գործընթացների բարելավմանն ուղղված իր աշխատանքը։

Սիրելի՛ ուսանողներ, հիշե՛ք, որ կրթությունը միայն գիտելիքի ձեռքբերում չէ. այն նաև ստեղծագործաբար մտածելու և դրական փոփոխություններ արձանագրելու համար անհրաժեշտ հմտությունների զարգացումն է:

Ուսումնական նոր տարում շարունակե՛ք բացահայտումների ձեր ճանապարհը, հետազոտե՛ք, ուսումնասիրե՛ք, վայելե՛ք ու ձեր փորձառությամբ հարստացրե՛ք մեր համալսարանական համայնքի գործունեությունը:

Առանձնահատուկ շնորհավորում եմ մեր առաջինկուրսեցիներին։ Համալսարանական մեծ ընտանիքին միացած սիրելի՛ ուսանողներ, ընդունե՛ք յուրաքանչյուր պահը խանդավառությամբ, հետաքրքրասիրությամբ և նվիրվածությամբ: Ու թե ձեր ճանապարհին դժվարություններ ի հայտ գան, միշտ հիշե՛ք, որ դուք միայնակ չեք․ մեր ողջ անձնակազմն ու ձեր ավագ ընկերներն այստեղ են՝ իրենց փորձով ու գիտելիքով ձեզ հետ կիսվելու և ձեր ուսումնական փորձառությունը հետաքրքիր ու արդյունավետ դարձնելու համար։

Շնորհավորում և իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մեր հարգարժան դասախոսներին, հետազոտողներին ու կազմակերպիչներին։ Մենք մեծ ծավալի աշխատանք ունենք անելու, և ձեր նվիրումը, փորձն ու գիտելիքը անկյունաքարային են մեր հաջողության համար:

Սիրելի՛ համալսարանականներ, ուսումնական նոր տարում եկե՛ք ձգտենք գերազանցության մեր բոլոր գործողություններում՝ քաջ գիտակցելով, որ յուրաքանչյուր քայլ մեզ ավելի է մոտեցնելու մեր երազած ապագային: Հաջողություն եմ մաղթում բոլորիս։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում