Պաղեստինը ԱՄԷ-ից հետ է կանչել իր դեսպանին
Պաղեստինի արտաքին գործերի նախարար Րիադ ալ Մալիքին հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրություններից իր դեսպանին հետ կանչելու մասին Իսրայել-ԱՄԷ հարաբերությունների կարգավորման պատճառով: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է երկրի ԱԳՆ-ի կողմից տարածված հաղորդագրության մեջ:
«Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հրամանով Պաղեստինն անհապաղ հետ է կանչում ԱՄԷ-ում իր դեսպանին հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի, Իսրայելի և ԱՄԷ-ի եռակողմ հայտարարության պատճառով»,- նծվում է Րիադ ալ Մալիքի հաղորդագրությունում, որը հրապարակվել է գերատեսչության ֆեյսբուքյան էջում:
Թրամփը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ Ալ Նահյանը համատեղ հայտարարությամբ հույս են հայտնել, որ «խաղաղության պատմական և բեկումնային համաձայնագիրը կնպաստի խաղաղության հաստատմանը Միջին Արևելքում»:
Նրանք հավելել են, որ Իսրայելը՝ որպես արդյունք, կկասեցնի Արևմտյան ափի զբաղեցրած խոշոր տարածքները միակցելու իր ծրագիրը: Մինչ այս պահը Իսրայելը դիվանագիտական հարաբերություն չէր հաստատել Պարսից ծոցի արաբական երկրներից որևէ մեկի հետ:
Պաղեստինի ղեկավարությունը հինգշաբթի հայտարարել էր, որ վճռականորեն չի ճանաչում և դատապարտում է Իսրայելի, Արաբական Միացյալ Էմիրությունների և ԱՄՆ-ի եռակողմ համաձայնությունը:
Կարծիքներ