Անհետ կորած 21 զինծառայողի ընտանիք ևս 3 ամիս կստանան 300-հազարական դրամի աջակցությունը
ՀՀ կառավարությունը հունվարի 29-ի նիստում որոշում է կայացրել, որով նախատեսվում է անհայտ կորած զինծառայողի՝ դեռ դատական կարգով անհայտ բացակայող չճանաչվածների ընտանիքներին ևս 3 ամսով 300.000 դրամի աջակցություն տրամադրել։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 2001-Լ որոշմամբ (այսուհետ՝ որոշում) նախատեսված է մինչև 2025թ. դեկտեմբեր ամիսը ներառյալ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրում զինծառայողի ընտանիքին՝ ամսական 300.000 դրամի չափով, սակայն ոչ ավել, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:
Որոշման հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է, եթե ամենամսյա դրամական վճարը վճարվելու է մինչև 2025 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ, որի արդյունքում 15.01.2026թ. դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 21 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվելու է 2026թ. հունվարի 1-ից: Առկա իրողություններով պայմանավորված՝ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի մարտ ամիսը ներառյալ:
Հանձնարարվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ներկայացնել առաջարկություն՝ գործընթացի ֆինանսավորման վերաբերյալ:
Որոշման նախագծի ընդունման դեպքում շահառու հանդիսացող թվով 21 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2026 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսների համար կազմում է 18.900.000 ՀՀ դրամ: Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է ներգրավել 2026 թվականի պետական բյուջեով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին»:


Կարծիքներ