Քոչարյանը խոստանում է քննարկել Նիկոլ Փաշինյանի և Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ քննիչ հանձնաժողովի բաց նիստ անելու առաջարկը
ՀՀ ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է, որ կքննարկեն Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի առաջարկը՝ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հանձնաժողովի բաց նիստ անցկացնելու վերաբերյալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Տոնոյանի հայտարարությանը:
«Չկասկածեք, որ առաջարկը կքննարկվի: Եվ, եթե հնարավոր լինի, կտանք լուծումներ»,-ասաց Քոչարյանը:
Քոչարյանը չհամաձայնեց Տոնոյանի այն հայտարարության հետ, որով նա կասկածի տակ է դրել հանձնաժողովի անկողմնակալությունը: «Եթե ինքը ցանկանում է գալ հանձնաժողով, այստեղ կողմնակալության խնդիր չէ: Կողմնակալության խնդիրը կլուծվի, երբ մասնակիցները կհնչեցնեն հարցեր, եթե անհրաժեշտ է, այդ հարցերը հասանելի կլինեն բոլորին»,-ասաց Քոչարյանը:
Անդրադառնալով Դավիթ Տոնոյանի մտքին, որ 44-օրյա պատերազմին վերաբերող, դրան նախորդած և հաջորդած ու դասակարգված տեղեկատվության որոշ հանգամանքների, տեղեկությունների ծանոթ չէ՝ Քոչարյանը շեշտեց, որ Տոնոյանը պաշտպանության նախարար է եղել: «Շատ հանգամանքների հետ կապված մենք հարցեր ունենք հնչեցնելու: Այնպես որ՝ իր ծանոթ լինել-չլինելը կապ չունի մեր աշխատանքների հետ: Ինքն ինչո՞ւ պետք է ծանոթ լինի: Մենք իր պաշտոնավարման ընթացքին վերաբերող շատ հարցերի պատասխաններ պետք է ստանանք նաև իրենից»,-ասաց հանձնաժողովի նախագահը:
Կարծիքներ