Արդարադատության ակադեմիայում կայացել է դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն

Արդարադատության ակադեմիայում կայացել է դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն

Սեպտեմբերի 2-ին Արդարադատության ակադեմիայում տեղի է ունեցել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների 2020 թվականի ցուցակում ընդգրկված անձանց դիպլոմների հանձնման արարողությունը: Արարողությանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամները, Ակադեմիայի աշխատակազմը, հյուրեր:

Այս մասին տեղեկացնում է Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժինը:

Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ողջունել է ներկաներին, նշելով, որ մեր պետական իրավական համակարգում մի նոր կառույց է ձևավորվում, որի շարքերը համալրում են այսօրվա շրջանավարտները:

Այդ կապակցությամբ ռեկտորը շնորհավորել է Սրբուհի Գալյանին, որպես ոլորտը համակարգող ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: «Ես մասնակցել եմ թեկնածուների թե՛ ընտրության, թե՛ մասնագիտական պատրաստման գործընթացին, ինչը հիմք է տալիս հույս հայտնելու, որ նրանք մասնագիտորեն և հոգեպես պատրաստ են ստանձնել այս բարդ ու պատասխանատու պաշտոնը»,-նշել է ռեկտորը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս շնորհավորել է ներկաներին. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի գործնական մեկնարկը տալու համար: «Դժվար է գերագնահատել օրենքով ընձեռված պետական այս աննախադեպ գործիքակազմի պատմական նշանակությունը: Աներկբա է՝ ՀՀ-ում սոցիալական արդարության վերականգնման գեներացված օբյեկտիվ հանրային ակնկալիքները իրացնելու լուրջ և պատասխանատու հնարավորություն է ընձեռվել: Սոցիալական արդարության վերականգման ուղղությամբ լրջագույն քայլեր ենք ձեռնարկելու նշված օրենքի իրացմամբ»,-նշել է Արթուր Դավթյանը:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների 2020 թվականի ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը տևել է 8 շաբաթ՝ համապատասխան ուսուցման ծրագրի համաձայն: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ուսուցումն անցկացվել է առցանց:

Դիպլոմների հանձնմանը նվիրված միջոցառումն անցկացվել է հակահամաճարակային կանոնների պահպանմամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում