COVID-19. ՀՀ-ում համաճարակային իրավիճակը լարված է. մասնագետը հորդորում է պատվաստվել

COVID-19. ՀՀ-ում համաճարակային իրավիճակը լարված է. մասնագետը հորդորում է պատվաստվել

Հայաստանում, կորոնավիրուսով պայմանավորված, համաճարակային իրավիճակը գնահատվում է լարված: 

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշեց, թե վերջին 14 օրվա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրան նախորդող երկու շաբաթվա ցուցանիշների համեմատ հանրապետությունում նոր դեպքերի թվի 18 տոկոս աճ է գրանցվել:

«Իրավիճակն այնպիսին է, որ եթե մենք չձեռնարկենք միջոցառումներ, ապա առաջիկա 7 օրերի ընթացքում կգրանցվեն մոտավորապես 5900-ից ավելի նոր դեպքեր: Այս վարակվածների մոտ 30 տոկոսը կհոսպիտալացվի»,- ասաց Ռոմելլա Աբովյանը:

Մասնագետը նշեց, որ կորոնավիրուսային հիվանդության հարուցիչը շատ արագ մուտացիայի է ենթարկվում, համաճարակաբանական օրինաչափություններին չի ենթարկվում, և յուրաքանչյուր հաջորդ ալիք շատ ավելի ծանր է ընթանում: Ռոմելլա Աբովյանը հորդորեց խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին և պատվաստվել:

«Հիվանդության հետ կապված ախտանշանների դեպքում էլ հորդորում եմ անհապաղ դիմել բժշկի, դրանք չվերագրել այլ հիվանդությունների ու ժամանակ չկորցնել: Նորից եմ կրկնում, հարուցիչի մուտացիայի ենթարկված տեսակը շատ արագ է զարգանում»,- հավելեց Ռոմելլա Աբովյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում