15 մլն դրամ՝ սփյուռքի հետ համագործակցության շրջանակում կրթամշակութային միջոցառումների իրականացման համար

15 մլն դրամ՝ սփյուռքի հետ համագործակցության շրջանակում կրթամշակութային միջոցառումների իրականացման համար

Կառավարության որոշմամբ 2024 թվականի պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում՝ 15 մլն դրամ գումարի չափով: Գումարը կուղղվի սփյուռքի հետ համագործակցության շրջանակում մանկապատանեկան և երիտասարդական կրթական ու կրթամշակութային միջոցառումների կազմակերպմանը, մասնավորապես՝ Համահայկական հայագիտական օլիմպիադայի և մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի անցկացմանը:

 

Համահայկական հայագիտական օլիմպիադան պետական ծրագրերի շրջանակում 2003 թվականից երկու տարին մեկ անգամ կազմակերպվող միջոցառում է, որը նպատակ ունի խրախուսել հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի իմացությունն արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում, օգնել նրանց ճանաչել Հայաստանը և ամուր կապվել հայրենիքին, ինչպես նաև ծանոթանալ տարբեր երկրներում բնակվող հասակակիցների հետ:

 

Օլիմպիադային կարող են մասնակցել սփյուռքի հայկական կրթօջախների 14-18 տարեկան սաները: Միջոցառումը, որպես կանոն, տևում է 1 շաբաթ, որի ընթացքում իրականացվում են տարբեր մրցույթներ, կազմակերպվում ճանաչողական այցեր Հայաստանի տեսարժան վայրեր, հանդիպումներ տարբեր ոլորտների հայտնի գործիչների հետ, ուսուցողական միջոցառումներ (պարի և երգի, ժողովրդական արվեստների ուսուցում և այլն): 2022 թվականին Համահայկական հայագիտական 10-րդ օլիմպիադային մասնակցել է 50 աշակերտ՝ 7 երկրից:

 

Մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը նպատակ ունի խթանել սփյուռքում բնակվող պատանիների կրթամշակութային զարգացումը՝ հայապահպանության տարբեր խորագրերով ամենամյա մրցույթ-փառատոնների կազմակերպման միջոցով: Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 6-18 տարեկան արվեստասեր և ստեղծագործական շնորհով օժտված հայ մանուկներ ու պատանիներ՝ սփյուռքի բոլոր տեսակի կրթօջախներից: Նկարչական մրցույթ-փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2010 թվականին. այն նվիրված էր հայկական հեքիաթներին և կրում էր «Հեքիաթների աշխարհում» խորագիրը: Մրցույթին ներկայացվել է շուրջ 1000 նկարն՝ սփյուռքի 22 երկրից: Հաջորդ տարիներին մրցույթ-փառատոնի շրջանակում իրականացված միջոցառումները կրել են հետևյալ խորագրերը՝ «Հայոց աշխարհի մայրաքաղաքները», «Իմ Սարյանը», «Հայոց պետականություն. ինքնաճանաչում», «Ինքնաճանաչում. Էրեբունի» և այլն: Հայկական անիմացիայի 85-ամյակի շրջանակում 2023 թվականին մրցույթ-փառատոնի շրջանակում իրականացվել է անիմացիոն ֆիլմերի (մուլտֆիլմերի) պաստառների մրցույթ, որին մասնակցել են 10-18 տարեկան 927 աշակերտ:

2024 թվականին Համահայկական հայագիտական օլիմպիադան կիրականացվի՝ համաձայն ԿԳՄՍՆ-ի կողմից կազմակերպվող օլիմպիադաների անցկացման ընթացակարգի՝ Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի հետ դրամաշնորհի պայմանագիր կնքելով: Օլիմպիադային կմասնակցեն 60 աշակերտ և 10 ղեկավար՝ սփյուռքի տարբեր կրթօջախներից: Միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորման չափը կազմում է 11 մլն դրամ:

2024 թվականին իրականացվող մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը նվիրված կլինի Ս. Փարաջանովին և Շ. Ազնավուրի 100-ամյա հոբելյաններին: Մրցույթին կմասնակցեն մոտ 19 երկրի 500 աշակերտներ: Մրցույթ-փառատոնի կազմակերպման և իրականացման համար կանցկացվի դրամաշնորհային մրցույթ: Միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորումը կազմում է 4 մլն դրամ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում