Վիկտոր Մեդվեդչուկի կինը օգնության խնդրանքով դիմել է Մեծ Բրիտանիային
«Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկի կինը Լոնդոնին հորդորել է գերեվարված բրիտանացիներին փոխանակել իր կալանավորված ամուսնու հետ:
«Ես դիմում եմ Էյդեն Էսլինի և Շոն Փինների ընտանիքին և հարազատներին: Խնդրեք ձեր երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնին ազդել Ուկրաինայի ղեկավարության վրա և հասնել Էյդենի և Շոնի ազատ արձակմանը` նրանց փոխանակելով Կիևի իշխանությունների կողմից կալանավորված ուկրաինացի ընդդիմադիր քաղաքական գործչի՝ իմ ամուսնու՝ Վիկտոր Մեդվեդչուկի հետ»,- ասված է Մեդվեդչուկի կնոջ տարածած հայտարարության մեջ:
Նշենք, որ փետրվարի վերջին Ուկրաինայի դատախազությունը հայտնել էր Մեդվեդչուկի անհետացման մասին։ Ավելի ուշ Ուկրաինայի նախագահը հայտարարել է Մեդվեդչուկին կալանավորելու մասին՝ իր թելեգրամյան ալիքում տեղադրելով ձեռնաշղթաներով լուսանկար։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ այս լուսանկարը ստուգման կարիք ունի՝ կեղծիքների մեծ քանակի պատճառով։
Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտնել էր, որ Մեդվեդչուկը տնային կալանքից փախել է փետրվարին՝ Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության մեկնարկից երեք օր առաջ։
Քաղաքական գործիչն Ուկրաինայում համարվում է ներկայիս իշխանության գլխավոր ընդդիմադիրներից մեկը, նա ռուսամետ դիրքորոշում է որդեգրել։ Ուկրաինայում Մեդվեդչուկի կուսակցության աշխատանքը դադարեցվել է ռազմական դրության հայտարարումից հետո:
Կարծիքներ