Հայաստանի դեսպանի հանդիպումները Լյուքսեմբուրգի քաղաքական ուժերի և Պետանժի քաղաքապետի հետ
Հայաստանի դեսպանի հանդիպումները Լյուքսեմբուրգի քաղաքական ուժերի և Պետանժի քաղաքապետի հետ
Նոյեմբերի 18-ին շարունակվեց դեսպան Բալայանի այցը Լյուքսեմբուրգ։ Դեսպանը հանդիպում ունեցավ Պետանժի քաղաքապետ Պիեր Մելինայի և քաղաքային խորհրդի անդամների հետ՝ փոխանցելով Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի ուղերձը։ Զրույցի ընթացքում արծարծվեցին Պետանժի և Դիլիջանի միջև կրթության, զբոսաշրջության, մշակույթի, առևտրի և այլ ոլորտներում փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր։
Դեսպան Տիգրան Բալայանը նաև մի շարք հանդիպումներ և առցանց զրույցներ ունեցավ Լյուքսեմբուրգի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ։ Շնորհակալություն հայտնելով հոկտեմբերի 15-ին պատգամավորների պալատի կողմից Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտող միաձայն ընդունված բանաձևի համար, դեսպան Բալայանը ներկայացրեց պատերազմի ընթացքում և դրանից հետո կատարված ռազմական հանցագործությունները, ադրբեջանա-թուրքական սադրանքները։ Հայաստանի դեսպանը շեշտեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունն անմիջական պատասխանատվություն է կրում ուժի կիրառման, պատերազմ սանձազերծելու, երկու կողմերի ռազմական և քաղաքացիական զոհերի և ավերածությունների համար և պետք է պատասխանատվության կանչվի։ Այս առումով նա կարևորեց հստակ և հասցեական քայլերի իրականացումը՝ ընդգծելով այդ գոըծընթացում ԵՄ-ի և անդամ երկրների առաջնորդող դերակատարությունը։
Քաղաքական ուժերի հետ քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց միջխորհրդարանական կապերի ամրապնդման ուղիներին։
Կարծիքներ