«Մեր ողբերգությունը չպետք է կործանի մեզ, այլ պետք է ապրեցնի». Վարչապետի ուղերձը ժողովրդին
Հայաստանում հայտարարված եռօրյա սուգի կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով:
«Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ՝ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում.
Այսօր լրանում է Արցախյան երկրորդ պատերազմում լայնածավալ ռազմական գործողությունների դադարեցման 40-րդ օրը: Այդ պատերազմը մեզ համար ծանր հետեւանքներ ունեցավ, մեր բազմաթիվ հայրենակիցներ զոհվեցին ռազմի դաշտում, եւ այս կապակցությամբ Հայաստանում եռօրյա սուգ է հայտարարված:
Վերջին 84 օրերը մեր ժողովրդի ծանրագույն օրերի թվին են դասվում՝ առանց կասկածի: Մենք ազգովի անցել ենք եւ անցնում ենք մղձավանջի միջով: Երբեմն թվում է, թե մեր երազանքները ջարդուփշուր են եղել, երբեմն թվում է՝ մեր լավատեսությունը փուլ է եկել, մեր ինստիտուտների գործունակությունը հայտնվել է կասկածի ներքո: Այս ամենի հետեւանքով ձեւավորվել է եւ ձեւակերպվել մի մեծ հարցական. իսկ ի՞նչ ենք անելու հաջորդիվ, ինչպե՞ս ենք ապրելու սրանից հետո, եւ ո՞րն է լինելու մեր նպատակը:
Եւ ինչո՞ւ ամենը այսպես դասավորվեց, ինչո՞ւ այսպես եղավ: Ես, իհարկե, ստանձնել եմ տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը, որը կրում եմ ի պաշտոնե եւ ասել եմ, որ խոնարհությամբ կընդունեմ ցանկացած դատավճիռ, որ մեր ժողովուրդը կկայացնի: Բայց եւ չեմ կարող չասել՝ եթե քավության նոխազի ինստիտուտը լավ է սրտի հովության, զայրույթն ու ցասումը պարպելու համար, ամենեւին օգտակար չէ տեղի ունեցածը իր խորության ու ամբողջության մեջ հասկանալու համար, մի բան, որ անհրաժեշտ է՝ ապագան կառուցելու եւ անցյալի ճանապարհը չկրկնելու տեսակետից:
Սա, իհարկե, չի նշանակում, թե պատերազմի հանգամանքների ուսումնասիրություն չպետք է իրականացվի, կոնկրետ դրվագներով մեղավորները չպետք է հայտնաբերվեն եւ պատասխանատվության ենթարկվեն:
Բայց մեզ իրականության ավելի խորը վերլուծություն է հարկավոր, որովհետեւ տեղի ունեցածը չէր կարող մեկ կամ մի քանի հոգու, մեկ կամ մի քանի տարվա սխալների հետեւանք լինել: Պետք է առերեսվել իրականության հետ եւ խոստովանել, որ մենք սխալներ ենք գործել երկար տարիներ, մեր գործած սխալներն ունեցել են համակարգային, հայեցակարգային, բովանդակային բնույթ: Եւ այս ամենը բերել է այնպիսի հետեւանքների, որոնք սպառնալիք են ստեղծում անգամ մեր պետական ինստիտուտների համար:
Հասկանո՞ւմ էի այս ամենը վարչապետի պաշտոնը ստանձնելու ժամանակ եւ դրանից հետո: Իհարկե՝ այո: Փորձո՞ւմ էի արդյոք փոխել իրադրությունը։ Իհարկե՝ այո: Բայց հիմա առավելեւս համոզվում եմ, որ պատմության պտտվող թափանիվը կանգնեցնելու ժամանակը պարզապես չկար: Դիմադրությունը հուսահատ էր, բայց՝ ոչ անմիաստ: Ու սա ասում եմ համոզված, որովհետեւ այսօրվա իմ ուղերձի իմաստն ու նպատակը երկրում ինստիտուցիոնալ հուսահատություն սերմանելը չէ, այլ, ընդհակառակը, լավատեսություն ու հույս կերտելը, նույնիսկ նրանց համար, ովքեր մտածում են կամ մեկնաբանում են, որ այսպիսով գուցե ավարտվում է մեր պատմությունը:
Այն, որ մենք մեր պատմության մի շրջափուլ ավարտում ենք` ակնհայտ է: Բայց իսկական ողբերգությունը հենց այն կլինի, եթե շարունակենք ապրել ավարտի ու ավարտական տրամաբանության մեջ: Հենց սրանում է իմ ամենամեծ մտավախությունը, որ մենք այդպես էլ չկարողանանք հաղթահարել ավարտի եւ ավարտական այս տրամաբանությունը ու շարունակենք մնալ նրա մեջ, շարունակենք վնասել ինքներս մեզ:
Ամեն մի փլուզում, որքան էլ դա դաժան հնչի, զրոյական կետ է, նորը ստեղծելու հնարավորություն է, եւ հենց այսօր եւ հենց հիմա ուզում եմ, որ չմոռանանք այս մասին: Քավ լիցի, խոսքը ամենեւին նոր օրվանից հենց այնպես նոր կյանք սկսելու մասին չէ: Նման բանի մասին խոսելը շատ շուտ է, չափազանց շուտ: Բայց մեր ողբերգությունը չպետք է կործանի մեզ, այլ պետք է ապրեցնի: Առաջին հերթին հանուն մեր նահատակների, նրանց երեխաների, նրանց ծնողների՝ սեւազգեստ մայրերի, սպիտակամորուս դարձած հայրերի, աչքը ճանապարհից չկտրող երեխաների:
Իսկ սրա համար մենք պետք է խորությամբ հասկանանք՝ ի՞նչը այնպես չենք արել, ինչո՞ւ այնպես չենք արել եւ ե՞րբ այնպես չենք արել: Սա, իհարկե, թեկուզ ոչ հեռավոր, բայց, այնուամենայնիվ, հետագայի հարց է: Իսկ այս պահին նշված համատեքստում ուզում եմ անդրադառնալ մի քանի ընթացիկ կարեւոր հարցերի:
Ամենահրատապը, թերեւս, Սյունիքի շուրջ տեղի ունեցող գործընթացներն են: Ինչպես արդեն ասել էի նախկինում, այս օրերին Սյունիքի հատվածում սահմանների ճշգրտում է տեղի ունենում, ավելի ճիշտ՝ Հայաստանի զինված ուժերը, սահմանապահ ուժերը տեղակայվում են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին: Սա, իհարկե, որոշակի փոփոխություններ է բերում մեզ ծանոթ միջավայրում, ստեղծում որոշակի բարդություններ եւ անհարմարություններ: Առավելեւս՝ ստեղծում է էմոցիաներ: Ու նույնիսկ գնահատականներ են հնչում, թե տեղի ունեցողը Սյունիքի հանձնում է, կամ սպառնում է Սյունիքի կորստով։ Իրականությունը, սակայն, ուղիղ հակառակն է. այս ամենը արվում է՝ Սյունիքի անվտանգությունը երաշխավորելու, երաշխքիներն ամրապնդելու համար:
Ինչպե՞ս: Խնդիրն այն է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս գտնվող հատվածներում վերջին օրերին ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն կար, մեծ հավանականություն, եւ եթե այդ էսկալացիան տեղի ունենար նշված հատվածում, ալիքով կարող էր տեղափոխվել Սյունիքի մարզ՝ Հայաստանի Հանրապետության տարածք, սրանից բխող հետեւանքներով: Իսկ այսօր՝ տեղակայվելով մեր միջազգայնորեն ճանաչված սահմաններին, մենք անվտանգության նոր երաշխիք ենք ստեղծում Սյունիքի համար, որովհետեւ այսօրվա սահմանն արդեն անվտանգային այն համակարգի սահմանն է, որի անդամ ենք մենք, եւ որտեղ արդեն անվտանգային բոլորովին այլ կանոններ են գործում:
Այսօր արդեն՝ Ռուսաստանի սահմանապահ զորքերը եւ այլ ուժեր լիարժեք ներգրավված են Սյունիքում, եւ սա անվտանգային առումով բոլորովին նոր իրավիճակ է: Իհարկե, այս ամենի արդյունքում կարող են ծագել տրանսպորտային, լոգիստիկ բարդություններ, մեր որոշ ճանապարհների անխափան գործունեությունը կարող է դժվարանալ, բայց դրանք լուծելի հարցեր են, եւ դրանց ուղղությամբ մենք ջանքեր ենք գործադրում, այդ թվում՝ եռակողմ փաստաթուղթ ունենալու միջոցով: Նաեւ՝ պատրաստվում եմ մեկնել Սյունիքի մարզ, տեղում ծանոթանալ իրավիճակին ու փարատել սյունեցիների բոլոր մտավախությունները։ Եւ համոզված եմ՝ կկարողանամ դա անել, առավելեւս խորհրդապահական ֆորմատով քննարկումների ժամանակ: Հիմա, սակայն, ուզում եմ կրկնել՝ Սյունիքի մարզի տարածքից, Սյունիքի՛ մարզի տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել, ինչպես Հայաստանի Հանրապետության ողջ տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել: Սրանում կարող եք համոզված լինել, եւ հակառակի մասին որեւէ պնդում իրականությանը չի համապատասխանում պարզապես:
Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ՝ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում.
Մեր մեծագույն խնդիրներից մեկը շարունակում է մնալ մեր գերեվարված հայրենակիցների վերադարձը, անհետ կորածների որոնման աշխատանքները: Նաեւ՝ Հայաստանի ու Արցախի շուրջ իրավիճակի կայունացման հարցը, եւ սրան են ուղղված մեր ամենօրյա ջանքերը: Ցավոք, թե՜ Հայաստանում, թե՜ Արցախում դեռ կան լարվածության որոշակի օջախներ, ցավոք, գերիների վերադարձի եւ անհետ կորածների գտնվելու վայրը պարզելու հարցը դեռ ամբողջությամբ լուծված չէ, ցավոք, Խծաբերդում ունեցել ենք նոր գերեվարվածներ, որը պիտի անհամատեղելի լիներ ռազմական գործողությունների դադարի տրամաբանության հետ:
Որքան էլ դժվար է, այս ամենը մեզ չպետք է մղի հուսահատության. որովհետեւ մեր նահատակներն ընկել են, որ Հայաստանը ապրի, Արցախը ապրի՝ հայ ժողովուրդը ապրի: Եւ այսօր՝ ժամը 13.00-ից, մենք միասին մեր նահատակների առաջ խոնարհման ու հարգանքի երթ ենք իրականացնելու՝ Հանրապետության Հրապարակից դեպի Եռաբլուր: Սա մի խոստում է մեր բոլոր եղբայրներին, նրանց երեխաներին, նրանց ընտանիքի անդամներին, որ նրանց զոհաբերումը ապարդյուն չի լինի: Սա լինելու է մտածումի երթ, որտեղ յուրաքանչյուրս եւ մենք ազգովի պիտի խորհենք մեր անցած եւ անցնելիք ճանապարհի մասին: Այսօրվա երթը, իհարկե, քաղաքական որեւէ ենթատեքստ չունի, բայց տեղի է ունենում կոնկրետ քաղաքական իրավիճակում, որի հանգուցալուծման վերաբերյալ իմ դիրքորոշումը մնում է նույնը ու չի փոխվել:
Ժողովուրդը, միայն ու միայն ժողովուրդը պետք է որոշի իշխանության ճակատագիրը եւ ոչ թե էլիտար շրջանակները, եւ այս առումով մեր մեծագույն խնդիրը օր առաջ իրավիճակի կայունացումը եւ ժողովրդի կամարտահայտման հնարավորություն ստեղծելն է: Մինչ այդ կառավարությունը պետք է աշխատի նոյեմբերի 18-ին իմ հրապարակած Ճանապարհային քարտեզի դրույթների հնարավորինս արդյունավետ իրագործման վրա, որը կլուծի նաեւ ետպատերազմական բազմաթիվ խնդիրներ եւ ընդհանուր առմամբ կկայունացնի նաեւ ներքաղաքական վիճակը:
Իսկ այսօրվա մեր երթին ընդառաջ՝ խոնարհում եմ հայտնում մեր բոլոր նահատակների, նրանց մայրերի, հայրերի, կանանց ու երեխաների առաջ: Սա նաեւ խոստումի երթ է, որ մենք հնարավոր ու անհնար ամեն ինչ կանենք՝ մեր անհետ կորած եղբայրների ճակատագրերը պարզելու, մեր գերիներին վերադարձնելու, մեր հույսը վերադարձնելու, մեր լավատեսությունը վերադարձնելու, ապրելու, արարելու, Հայաստանը եւ Արցախը նորովի կառուցելու համար:
«Կառուցենք Հայաստանը նորովի». այս կարգախոսը ընտրել էի դեռ պատերազմից առաջ՝ Հայաստանի վերափոխման ռազմավարությունը ուղենշելու համար: Եւ այս բանաձեւը օգտակար է մեր այսօրվա իրավիճակից ապագային նայելու համար նույնպես: Մենք պետք է ընկալենք աշխարհը նորովի, մենք պետք է դիտարկենք մեր անելիքն ու դերակատարումը նորովի, մենք պետք է մեր հնարավորությունները գնահատենք նորովի, ընդ որում՝ առաջին հերթին կրթության, գիտության, տեխնոլոգիական զարգացման ոլորտում, մենք պետք է կառուցենք մեր երազանքը նորովի, ու մենք պետք է երազենք նորովի: Ու մեր երազանքները պետք է ժպիտ բերեն հանուն հայրենիքի նահատակված մեր եղբայրների հոգիներին, նրանց զավակներին, նրանց հայրենիքին: Եւ այդ երազանքների իրագործումը պիտի բերի այդ ժպիտը։
Փա՜ռք մեր ընկած հերոսներին, փա՜ռք մեր ապրող հերոսներին, ու փա՜ռք նրանց, ովքեր դեռ կհերոսանան մեր ժողովրդի երազանքները իրագործելու, մեր ժողովրդին ստեղծարար հաղթանակներ պարգեւելու ճանապարհին:
Այսօր՝ ժամը 13.00-ին, հանդիպում ենք Հանրապետության Հրապարակում՝ իրագործելու մեր խոնարհումի երթը դեպի Եռաբլուր: Եւ դա լինելու է նաեւ ապրելու երթ եւ ի ցույց է դնելու, որ մենք այստեղ ենք, որ մենք ապրելու ենք, ու մենք ապրեցնելու ենք:
Շնորհակալ եմ»:
Կարծիքներ