Ստեփանավանի սոցծառայությունների տարածքային գործակալության նախկին պետն ու աշխատակիցները հափշտակել են 245 մլն դրամ

Ստեփանավանի սոցծառայությունների տարածքային գործակալության նախկին պետն ու աշխատակիցները հափշտակել են 245 մլն դրամ

Լոռու մարզպետարանի Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության նախկին պետ Ա.Ղ.-ն Գործակալության աշխատակիցներ Ա.Գ.-ի, Ա.Ք.-ի, Խ.Ռ.-ի, Հ.Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ, առանց Ստեփանավան համայնքի և հարակից բնակավայրերի մի շարք բնակիչների գիտության, վերջիններիս ընտանիքներին ձևականորեն ընդգրկել է անապահովության գնահատման համակարգում: 

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝  այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը:

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Գործակալության նախկին պետ Ա.Ղ.-ն Գործակալության աշխատակիցներ Ա.Գ.-ի, Ա.Ք.-ի, Խ.Ռ.-ի, Հ.Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ, անապահովության գնահատման համակարգում վերոնշյալ ընտանիքներին վերաբերող սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ ներառել է նպաստի իրավունք տվող ոչ հավաստի, կեղծ տեղեկություններ, որի արդյունքում պետական բյուջեից ստացված նպաստի գումարներից խարդախությամբ հափշտակել են 245 մլն 313 հազար 500 դրամ։ 

2023 թվականի հուլիսի 13-ին հսկող դատախազը Ա.Ղ.-ի, Ա.Գ.-ի, Ա.Ք.-ի, Խ.Ռ.-ի, Հ.Ս.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում` Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով խարդախություն) և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր կեղծելը, կեղծ փաստաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը)։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում