ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հակակոռուպցիոն կոմիտեի լիազորություններին վերաբերող նախագծին
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացության արժանացավ ««Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախատեսվում է օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում սահմանված «Հատուկ քննչական ծառայություն»-ը փոխարինել «Հակակոռուպցիոն կոմիտե»-ով:
«Բոլորս տեղյակ ենք, որ դադարեցվել են Հատուկ քննչական ծառայության լիազորությունները, և այժմ գործում է Հակակոռուպցիոն կոմիտեն: Այս դեպքում շատ կարևոր է, որպեսզի Հակակոռուպցիոն կոմիտեի համար մատչելի դարձվեն կենտրոնական դեպոզիտարիայի և արժեթղթերի ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից հաճախորդի բացած արժեթղթերի հաշիվների ցանկի, յուրաքանչյուր հաշվի տեսակի վերաբերյալ ծառայությունները: Ընդ որում՝ այս ծառայությունն ուներ Հատուկ քննչական ծառայությունը, որը հիմա փոխանցվում է Հակակոռուպցիոն կոմիտեին»,- ասաց արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը:
Ըստ փոխնախարարի՝ այսկերպ կապահովվի Հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեությունը:
Կարծիքներ