Ստեփանակերտում վեճի մասնակիցներից մեկը մյուսի ոտքերի մոտ նռնակ է նետել. հարուցվել է քրեական գործ
Ստեփանակերտում վիճաբանությունն ավարտվել է սպանության փորձով, հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են Արցախի գլխավոր դատախազությունից՝ ներկայացնելով մանրամասներ:
Այսպես. 2022թ. փետրվարի 18-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Բեկզադյան փողոցի նրբանցք թիվ 12 տանը անձնական անբարյացակամ հարաբերությունների հողի վրա վիճաբանություն է առաջացել նույն տան բնակիչ Գ. Պ.-ի և Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի բնակիչ Յու. Ս.-ի միջև:
Վեճի ընթացքում Գ.Պ-ն իր մոտ ապօրինի պահվող, ռազմամթերք հանդիսացող «F1», «M-75» և «РГД-5» նռնակներից «РГД-5» տեսակի նռնակը մարտական վիճակի բերելով, դիտավորությամբ վերջինիս կյանքից ապօրինաբար զրկելու նպատակով, վտանգի ենթարկելով վիճաբանությունը դադարեցնելու համար միջամտած երկու այլ քաղաքացիական անձանց կյանքը, մարտական վիճակի բերված նռնակը նետել է Յու. Ս.-ի ոտքերի տակ՝ առաջացնելով պայթյուն:
Վերջիններիս կողմից հարակից սենյակներում թաքնվելու հետևանքով, Գ.Պ.-ի կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցվել:
«Դեպքի առթիվ 19.02.22թ. ԱՀ քրեական օրենսգրքի 33/103-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 245-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով (սպանության հանցափորձ, ապօրինի զենք պահել, կիրառել) հարուցվել է քրեական գործ:
Գ.Պ.-ն ձերբակալվել է, իրականացվում է նախաքննություն:
Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Ստեփանակերտ քաղաքի դատախազությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ