ՀՀ ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ Արտաշատի հաշվառման-քննական նորակառույց բաժանմունք

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հուլիսի 10-ին այցելել է ՆԳՆ Արտաշատի հաշվառման-քննական նորակառույց բաժանմունք։ Ներկա են եղել ՆԳ նախարարի տեղակալները, ՆԳՆ գլխավոր քարտուղարը, գործադիր, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Վահե Ղազարյանը շրջել է ստորաբաժանման տարածքում, եղել քաղաքացիների սպասարկման սրահում, համարանիշերի տրամադրման, վարորդական իրավունքի վկայականների փոխանակման և քննական սենյակներում, ծանոթացել հերթերի կանոնակարգման համակարգին։
«Ներքին գործերի նախարարը զրուցել է բաժանմունք այցելած քաղաքացիների հետ, հետաքրքրվել տրամադրվող ծառայությունների որակով։
Վարորդական իրավունքի վկայականի գործնական քննության համար նախատեսված ավտոդրոմում Ներքին գործերի նախարարը ծանոթացել է պայմաններին, քննական մեքենաների տեխնիկական հնարավորություններին, տվել կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ հաշվառման-քննական բաժանմունքը գտնվում է Երևան-Արտաշատ ճանապարհին: Այն կահավորված է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և տեխնիկայով՝ քաղաքացիներին բարձրորակ ծառայություններ տրամադրելու համար։
Նախատեսվում է առանձին պատուհաններ ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց, պատերազմների մասնակիցներին և դիվանագիտական ներկայացուցիչներին պատշաճ հանրային ծառայություններ մատուցելու համար։
Նշվում է, որ հաշվառման-քննական բաժանմունքները, որպես հանրային ծառայություններ մատուցող ստորաբաժանումներ, օրենքի ուժով դուրս են բերվել ոստիկանության կազմից և գործում են Ներքին գործերի նախարարության ենթակայության ներքո, ինչի հիմնական նպատակը քաղաքացիական նախարարության կողմից հանրային ծառայությունների մատուցումն է՝ նոր որակով և նոր տրամաբանությամբ։
Կարծիքներ