Աստվածընկալ վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցին ու գավիթը կվերականգնվեն

Աստվածընկալ վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցին ու գավիթը կվերականգնվեն

ՀՀ Արագածոտնի մարզի Հարթավան համայնքի վարչական տարածքում գտնվող Աստվածընկալ վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցին ու գավիթը կվերականգնվեն, հուշարձանի տարածքում կիրականացվեն բարեկարգման աշխատանքներ:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ աշխատանքները կիրականացվեն մեկենասության ծրագրով` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր ստորագրված հուշագրի համաձայն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և բարերար «Նորիկ 70» ՍՊԸ տնօրեն Հրայր Ավետիսյանը ստորագրել են հուշագիր, ըստ որի՝ ընկերությունը սեփական միջոցների հաշվին կիրականացնի հուշարձանների ամրակայման, վերականգնման և բարեկարգման աշխատանքներ:

«Մեր պատմական արժեքների պահպանությունը բացառապես պետական միջոցներով իրականացնել հնարավոր չէ: Մեր բնակավայրերում գտնվող արժեքներն ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծելու համար պետք է միավորել պետական, մասնավոր և հանրային ջանքերը: Չափազանց կարևոր է, որ պատմամշակութային արժեքների պահպանության գործում պետություն-մասնավոր հատված համագործակցությունը գնալով ավելի սերտանա: Հուշարձանների պահպանության խորհուրդն ավելի խորն է, քան առանձին վերցրած մի կոթողի ամրակայումը: Սա հանրության բարոյական առողջության բարելավմանը միտված գաղափար է, երբ մարդիկ, անկախ մասնագիտությունից, զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, միավորվում են հուշարձանների պահպանության գաղափարի շուրջ` գիտակցելով դրա պատմական կարևորությունը: Սա պետք է դառնա հանրային ուղերձ, և հասարակության մեջ պետք է նաև դրական վերաբերմունք ձևավորվի մեկենասության նկատմամբ` որպես ազգանվեր գործի»,- հուշագրի ստորագրման արարողության ժամանակ նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Կարծում եմ, որ մենք կատարում ենք ընդհանուր գործ մեր հայրենիքի և մեր սերունդների համար, որպեսզի ո՛չ այսօր, ո՛չ էլ ապագայում չմոռացվի, թե մեր ազգն ինչպիսի արժեքներ է ստեղծել»,- նշել է «Նորիկ 70» ՍՊԸ տնօրեն Հրայր Ավետիսյանը` շնորհակալություն հայտնելով նախարարությանն իրենց հետ արդյունավետ համագործակցության պատրաստակամության համար:

Նշենք, որ համագործակցության հուշագրով հուշարձանների վերականգնման ընթացքում նախատեսվում են նաև հանրային լուսաբանման աշխատանքներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում