ՀՀ-ի ջանքերն ուղղված են Արցախյան հակամարտության խաղաղ գործընթացի վերսկսմանը հասնելուն

ՀՀ-ի ջանքերն ուղղված են Արցախյան հակամարտության խաղաղ գործընթացի վերսկսմանը հասնելուն

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը կարևորում է Արցախյան հակամարտության խաղաղ գործընթացի վերսկսումը:  

Վահե Գևորգյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Գոյություն ունի Արցախյան հակամարտության խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտություն: Եվ մեր ջանքերը նախևառաջ ուղղված են այդ նպատակին հասնելուն: Մնացած բոլոր խնդիրները, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի խնդիրը, քննարկվելու են խաղաղ գործընթացի շրջանակներում: Դրա համար այս հանգրվանում մեզ համար անհրաժեշտ է խաղաղ գործընթացի վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,-ասաց Գևորգյանը:

Անդրադառնալով հարցին, թե Հայաստանի համար ո՞ր քարտեզներն են շահեկան, որպեսզի բանակցությունների ժամանակ պնդի  առաջնորդվել դրանցով՝ փոխնախարարը վաղաժամ համարեց հարցը՝ հավելելով, որ այդ մասին խոսելու համար պետք է լինեն դելիմիտացիայի բանակցություններ: «Քանի դեռ չկան դելիմիտիացիայի բանակցություններ, խոսել, թե ինչ քարտեզներով, ինչ փաստաթղթերով ենք առաջնորդվում, խիստ վաղաժամ է: Երբ լինեն բանակցություններ, մենք այդ հարցերին կանդրադառնանք»,-ասաց Գևորգյանը:

Նա նշեց՝ իրենք ընդհանուր մոտեցումներ ձևավորում են ներքին քննարկումների ընթացքում, բայց, երբ բանակցություններ չկան, գործիքակազմի վերաբերյալ խոսելը վաղ է:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում