Ինչո՞վ են տարբերվում կորոնավիրուսի դեմ ռուսական երկու պատվաստանյութերը
Կորոնավիրուսի դեմ ռուսական երկու պատվաստանյութերը տարբեր են, բայց երկուսն էլ արդյունավետ են: «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:
Նրա խոսքով՝ «Սպուտնիկ V» եւ «ԷպիՎակԿորոնա» երկու պատվաստանյութն էլ լավն են, եւ դրանք ներարկելիս լուրջ կողմնակի էֆեկտներ չեն դիտվում: Ընդ որում՝ առաջին պատվաստանյութը գուցե մի փոքր ավելի իմունածին է:
Ըստ ազդեցության մեխանիզմի՝ այս դեղամիջոցները բացարձակապես տարբեր են. մեկը ադենովիրուսի հիմքի վրա վեկտորային պատվաստանյութ է, մյուսը՝ պեպտիդային պատվաստանյութ, որը ստեղծվել է կորոնավիրուսի գենոմի բաղադրիչ երեք հատվածներից, որոնք առավել կայուն են մուտացիայի հանդեպ:
Գոլիկովան հավելել է, որ ռուսական պատվաստանյութերի կիրառման վերաբերյալ առայժմ ոչ մի բացասական արձագանք չկա:
Հիշեցնենք, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութը դարձել է աշխարհում կորոնավիրուսի դեմ առաջին գրանցված պատվաստանյութը: Ներկայումս Ռուսաստանում գրանցված է նաեւ «Վեկտոր» կենտրոնի կորոնավիրուսի դեմ «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութը: Դրանից բացի, մշակման ընթացքում է երրորդ դեղամիջոցը, որի վրա աշխատում են Չումակովի անվան կենտրոնում:
Կարծիքներ