Դատարանների գերծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով նախատեսվել է վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացում
Դատարանների գերծանրաբեռնվածությունն այսօր արդիական խնդիր է, որի լուծման նպատակով դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսվել է վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացում:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացման միջոցով քաղաքացիները կկարողանան առավել արագ ու արդյունավետ իրականացնել իրենց իրավունքների պաշտպանությունը, իսկ դատարանների ծանրաբեռնվածությունը հնարավորինս կթեթևանա:
Այս նպատակով Կառավարության կողմից հավանության է արժանացել «Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որի նպատակն է հիմնովին բարեփոխել հաշտարարության ոլորտը:
Նախագծերի փաթեթով որոշ ընտանեկան գործերով սահմանվել է պարտադիր հաշտարարություն իրականացնելու պահանջ` նախքան դատարան դիմելը: Բացի այդ, ըստ նախագծի` հաշտարարի թեկնածուն կընտրվի և դատարանին կներկայացվի էլեկտրոնային համակարգի միջոցով: Կողմերը կկարողանան նաև առցանց եղանակով մասնակցելու հաշտարարության գործընթացին:
Նախագծի ընդունման արդյունքում հնարավորինս կերաշխավորվի բոլոր դեպքերում հաշտարարին իր աշխատանքի դիմաց վարձատրության տրամադրումը:
Օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո` մեկ տարվա ընթացքում Արդարադատության նախարարությունը կկազմակերպի գործող հաշտարարների վերապատրաստման և նոր հաշտարարների ներգրավման, ուսուցման ու որակավորման գործընթացը՝ միջազգային չափանիշներին համապատասխան:
Կարծիքներ