ՀՀ ոստիկանության և Չեխիայի անվտանգության ուժերի գլխավոր տեսչության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Մայիսի 30-ից հունիսի 1-ը Հայաստանում է գտնվել Չեխիայի Հանրապետության անվտանգության ուժերի գլխավոր տեսչության պատվիրակությունը՝ տնօրեն, բրիգադի գեներալ Ռադիմ Դրագունի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկաություն:
Մայիսի 30-ին պատվիրակությանն ընդունել են ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանն ու ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաղինակ Մարտիրոսյանը։ Ողջունելով հյուրերին՝ Արմեն Մկրտչյանը կարևորել է ԵՄ երկրների իրավապահ կառույցների հետ ՀՀ ոստիկանության փոխգործակցությունը։ Նշել, որ Չեխիայի իրավապահների հետ Հայաստանի ոստիկանությունը արդյունավետ համագործակցում է 2014 թվականին Պրահայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրի շրջանակներում։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ բրիգադի գեներալ Ռադիմ Դրագունը ընդգծել է փոխգործակցության անհրաժեշտությունն ու կարևորությունը, ինչն ուղղված է կազմակերպված հանցավորության, թրաֆիքինգի, թմրամիջոցների անօրինական շրջանառության, կիբեռհանցավորության, ահաբեկչության, կոռուպցիայի և այլ հանցատեսակների դեմ պայքարին։
Հանդիպմանը ներկայացվել է ՀՀ ոստիկանությունում բարեփոխումների ընթացքը։ Կողմերը հույս են հայտնել, որ 2021 թվականին ՀՀ ոստիկանության և Եվրոպոլի միջև ստորագրված աշխատանքային համաձայնագիրը նոր մակարդակի կբարձրացնի իրավապահ երկու կառույցների համագործակցությունը։
Նույն օրը Չեխիայի Հանրապետության անվտանգության ուժերի գլխավոր վարչության պատվիրակությանն ընդունել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաղինակ Մարտիրոսյանը։ Ողջունելով հյուրերին՝ նա բարձր է գնահատելՀայաստանի և Չեխիայի իրավապահ ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը։ Ռադիմ Դրագունն իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը, ինչն ուղղված է հանցավորության դեմ պայքարին։
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության և Չեխիայի Հանրապետության անվտանգության ուժերի գլխավոր տեսչության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որով պայմաններ են ստեղծվում մասնագիտական սերտ կապերի համար, ինչպիսիք են՝ համատեղ աշխատանքների համաձայնեցումն ու կազմակերպումը, փորձագետների և մասնագետների փորձի փոխանակումը, աշխատանքային հանդիպումների և այլ միջոցառումների կազմակերպումը, տեղեկատվության փոխանակումը և այլն։
Մայիսի 31-ին Չեխիայի անվտանգության ուժերի գլխավոր տեսչության պատվիրակությունն այցելել է ոստիկանության կրթահամալիր։ Կրթահամալիրի ղեկավարության ու պրոֆեսորադասախոսական կազմի ուղեկցությամբ չեխ գործընկերները շրջել են կրթահամալիրի տարածքում, եղել ուսումնական կենտրոնում, մարզասրահներում և փորձակայանում, որտեղ ներկայացվել են ուսումնական գործընթացի մանրամասներ։
Պատվիրակությունը եղել է նաև ոստիկանության պատմության թանգարանում, որտեղ նրանց ներկայացվել են Հայաստանի ոստիկանության 104-ամյա պատմությունն ու անցած ուղին։
Հունիսի 1-ին պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, եղել նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Կարծիքներ