26 միավոր հատուկ տեխնիկա, 106 փրկարար, ԱԹՍ-ներ և 1 ուղղաթիռ. ԱԻՆ-ը Խոսրովի անտառում ուսումնավարժություն է անցկացրել

26 միավոր հատուկ տեխնիկա, 106 փրկարար, ԱԹՍ-ներ և 1 ուղղաթիռ. ԱԻՆ-ը Խոսրովի անտառում ուսումնավարժություն է անցկացրել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հուլիսի 29-ին անցկացրել է «Անտառային տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն: 

Սցենարի համաձայն՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աշխատակիցը նկարահանող տեսախցիկի միջոցով նկատել է, որ արգելոցի Խաչաձոր տեղամասի Աղսու պահաբաժնում հրդեհ է բռնկվել: Մարման աշխատանքները չի հաջողվում լիարժեք իրականացնել սեփական ուժերով. օգնության է հասել արտակարգ իրավիճակների նախարարությունը: Հրդեհի մասին ահազանգ է փոխանցվել Արարատի ՄՓՎ ՃԿԿ 911 ահազանգման կենտրոն:

Ուսումնավարժությանը մասնակցել են նախարարության փրկարար ծառայությունը՝ Արարատի մարզային փրկարարական վարչության Վեդու, Մասիսի, Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատները, Ուրցաձորի և Վեդու հրշեջ կամավորական ջոկատները, Կոտայքի վարչության Աբովյանի և Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատները, Գառնու հրշեջ կամավորական ջոկատը, ՓԾ բժշկական ապահովման և հոգեբանական աջակցության վարչությունները, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը, նաև Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը, շրջակա միջավայրի նախարարության ««Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի անձնակազմը:
Աշխատանքներին ներգրավվել են 26 միավոր հատուկ տեխնիկա, 106 փրկարար, 71 կամավոր, նաև անօդաչու թռչող սարքեր և պաշտպանության նախարարության ավիացիայի մեկ ուղղաթիռ:

Գործողություններն իրականացվել են երկու տեղամասերում՝ Արարատի և Կոտայքի կողմից, կառավարումը՝ արգելոցի Արարատի հատվածում ծավալված շտաբից ԱԹՍ-ների միջոցով:
Ուսումնավարժության նպատակներն են՝ կատարելագործել անտառային խոշոր հրդեհներին արձագանքող ուժերի գործնական հմտությունները հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ իրականացնելիս և անտառային խոշոր հրդեհներին արձագանքող ուժերի ներդաշնակ աշխատանքը:

Վարժանքին հետևել են արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ««Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռադիկ Օղիկյան, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, տեղակալներ՝ Հովհաննես Եմիշյանը, Կարապետ Մանուկյանը, գերատեսչության տարբեր ստորաբաժանումների և ՊՈԱԿ-ների ղեկավարներն ու անձնակազմը, Հայաստանում հավատարմագրված մի շարք դիվանագիտական առաքելությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ուսումնավարժության ավարտին ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը ստորագրել են համագործակցության հուշագիր:

Փաստաթղթով լուծվում է միանգամից երկու խնդիր. նախատեսվում է ԱԻՆ աշխատակիցների վերապատրաստում՝ վայրի կենդանիների փրկարարական աշխատանքների իրականացման և համատեղ ծրագրերով անտառային հրդեհների արագ արձագանքման, կանխարգելման աշխատանքների վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում