Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը
Թեհրանում իր աշխատանքը վերսկսել է Ադրբեջանի դիվանագիտական առաքելությունը։ Դեսպանատան վերաբացումը տեղի է ունեցել Իրանի և Ադրբեջանի իշխանությունների միջև բանակցությունների արդյունքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։
Իրանի կառավարության խոսնակը հայտնել է, որ Ադրբեջանի դեսպանատան վերաբացումը հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ արդյունքներին նպատակաուղղված դիվանագիտության, ինչպես նաև Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերի և Արտաքին գործերի նախարարության կողմից շարունակվող հետագա աշխատանքի արդյունքն է։
Ըստ ադրբեջանական կողմի՝ Իրանը համապատասխան միջոցներ է ձեռնարկել՝ ապահովելու դեսպանատան նոր շենքի անվտանգությունը։
Իրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցրել էր գործունեությունը 2023 թ․ հունվարին տեղի ունեցած զինված հարձակումից հետո։ Այդ ժամանակ զոհվել էր դեսպանատան անվտանգության մեկ աշխատակից, երկուսը վիրավորվել էին:
Հետաքննությունը պարզել էր, որ հարձակվողը, որը դեպքի վայրում ձերբակալվել էր, գործել է անձնական և ընտանեկան խնդիրների հետ կապված դրդապատճառներով։ Ադրբեջանը հարձակումը որակել էր որպես ահաբեկչություն։
Կարծիքներ