Միջազգային քրեական գործ հարուցելու հնարավորություն կտրվի Հայաստանին․ կառավարությունը հաստատեց նախագիծը
Կառավարությունը հավանություն է տվել «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և Կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասին համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Հիմնավորման համաձայն, Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունն ընդունվել է 1998 թ. հուլիսի 17-ին Հռոմում: Կանոնադրությունն ուժի մեջ է մտել 2002թ. հուլիսի 1-ից: ՀՀ-ը Կանոնադրությունն ստորագրել է 1999 թ. հոկտեմբերի 1-ին, սակայն մինչ օրս չի վավերացվել: ՀՀ Սահմանադրական դատարանը 2004 թ. օգոստոսի 13-ի ՍԴՈ-502 որոշմամբ Կանոնադրությամբ ստանձնվող որոշ պարտավորություններ ճանաչել էր 1995 թվականի Սահմանադրությանը հակասող։
Ինչպես նշել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ակնհայտ է, որ ՍԴ որոշման կայացումից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխության է ենթարկվել 2005 և 2015 թթ.-ներին:
«Հաշվի առնելով Սահմանադրական երկու փոփոխությունների ծավալն ու խորությունը՝ անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել, թե արդյոք կատարված սահմանադրական փոփոխությունների լույսի ներքո Սահմանադրական դատարանի դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել:
Նշենք նաև, որ կանոնադրության նպատակն է դրանում նշված առավել ծանր հանցագործություններ կատարած անձանց անպատժելիությունը բացառելու և դրանով իսկ այդպիսի հանցագործությունների կանխմանը նպաստելու համար ներպետական քրեական իրավազորության մարմիններին լրացնող Միջազգային քրեական դատարանի հիմնադրումը: Կանոնադրության 5-րդ հոդվածը սահմանում է դատարանին ընդատյա հանցագործությունների շրջանակը: Այդ հանցագործություններն են՝ ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործությունները: Ընդ որում դատարանին ընդատյա են ոչ միայն միջազգային բնույթ ունեցող և այլ միջազգային բնույթ չունեցող զինված ընդհարումների ժամանակ կատարված պատերազմական հանցագործությունները, ինչպես նաև՝ ագրեսիայի հանցագործությունը:
Կանոնադրության վավերացման և իրավազորության ճանաչման անհրաժեշտությունը և հրատապությունը առաջին հերթին պայմանավորված է դեռևս 2021թ. մայիսից սկսած, այնուհետև 2022թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայով և տարածքների օկուպացիայով: Այդ ագրեսիայի հետևանքները դեռ շարունակվում են առկա մնալ, քանի որ մինչև օրս Ադրբեջանի զինված ուժերը դեռ տեղակայված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի տարբեր հատվածներում, քաղաքացիական բնակավայրերին հարող տարածքներում: Որպեսզի Հայաստանը կարողանա տարածել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը 2021 թվականի մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիայի ժամանակ գործած պատերազմական հանցագործությունների վրա, անհրաժեշտ է վավերացման հետ մեկտեղ կատարել ՄՔԴ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հայտարարություն՝ հետադարձորեն ճանաչելով ՄՔԴ իրավազորությունը 2021 թվականի մայիսի 12-ի ժամը 00։00-ից ի վեր։
Ասվածը վերաբերում է միայն ցեղասպանության, մարդկության դեմ և պատերազմական հանցագործություններին: Հարկ է շեշտել նաև, որ ՄՔԴ-ին միանալու մասին անդրադարձ է կատարվում Եվրոպական միության հետ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, որով հավաստվում է, որ կողմերի նպատակը պետք է լինի ամրապնդել խաղաղության և միջազգային արդարադատության խթանման հարցում համագործակցությունը, Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը և դրան հարակից փաստաթղթերը վավերացնելու և կիրարկելու միջոցով ՝ հաշվի առնելով իրավական ու սահմանադրական շրջանակները»,-ասել է նախարարը:
Թեմայի առնչությամբ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որոշումը կայացվել է երկար քննարկումների արդյունքում. «Հույս ունենք, որ նաև Սահմանադրական դատարանը Սահմանադրության համապատասխանության հարցը կորոշի, որովհետև իսկապես երկու անգամ փոփոխվել է Սահմանադրությունը, և մեր դիտարկումներով՝ նախկինում առկա խոչընդոտները գոյություն չունեն»:
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, անդրադառնալով ընդունված որոշմանը, նշել է. «Հիմա մենք երկու ռեժիմով ենք այս փաթեթն ընդունում, մեկը՝ վավերացման, մյուսը՝ դատաիրավազորության, դատարանի կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա հետադարձ ճանաչելու նպատակով: Երկուսը մեկ փաթեթում՝ մեկ օրենքի նախագծով:
Սահմանադրական դատարանը, իհարկե, ընդունել է որոշում 2004 թվականին դեռ օգոստոսի 13-ին Սահմանադրությանը չհամապատասխանող չճանաչող երկու դրույթներով, բայց, այնուամենայնիվ, դրանից հետո տեղի են ունեցել երկու լրջագույն Սահմանադրական փոփոխություններ, ոչ միայն Սահմանադրական բարեփոխումներ: Ես կնշեի նաև, որ կարծում ենք՝ ընդհանուր սահմանադրաընկալում և իրավաընկալումներում փոփոխություններ են տեղի ունեցել: Վերստին այս հարցը Սահմանադրական դատարանի առաջ դնելով՝ սա նույն հարցը չէ ինչ-որ դրվել էր դեռ 2004 թվականին, սա արդեն դառնում է նոր հարց»,- ասել է Եղիշե Կիրակոսյանը:
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը տեղեկացրել է նաև, որ Քրեական դատարանի կանոնադրությունն այս պահի դրությամբ վավերացրել է 123 պետություն. «Մեր տարածաշրջանում կանոնադրությանը մասնակից պետություն է Վրաստանը: Մեր կողմից եթե վավերացնենք՝ փաստացի արդեն տարածաշրջանում երկու պետություն դառնալու է Միջազգային քրեական դատարանի մասնակից պետություն: Մի փոքր նկատառում էլ ևս՝ այս պահի դրությամբ մենք վավերացման փաթեթում ներառել ենք հիմնական կանոնադրությունը, որը ներառում է ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների իրավազորության իրականացումը: Ագրեսիայի հանցագործության դրույթը լրացում էր կատարվել կանոնադրության մեջ 2010 թվականին Կամպալայում կատարված փոփոխությունների արդյունքում, որն ուժի մեջ է մտել 2018 թվականին, և այս համաձայնագիրն առանձին փաստաթուղթ է: Դրա մասնակից պետությունների թիվն այս պահին 44 է, բայց ճշտում՝ այս պահին մենք խոսում ենք հիմնական կանոնադրության մասին»:
Վարչապետը հետաքրքրվել է. «Պարոն Կիրակոսյան ճի՞շտ ենք հասկանում, որ եթե Սահմանադրական դատարանը որոշեց և մենք վավերացման գործընթացն անցանք՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների ագրեսիայի մասով, ժողովրդին հասկանալի լեզվով ասած, միջազգային քրեական գործ հարուցելու հնարավորություն ենք ստանում»:
Ի պատասխան Եղիշե Կիրակոսյանը նշել է. «Այո, Հայաստանի Հանրապետության տարածքում կատարվող դատային իրավազորությանը ենթակա, ավելի ճշտեմ՝ պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ցեղասպանության կատարման կամ դրանց կանխարգելման նպատակով: Եվ այս առումով, այո, քրեական պատասխանատվության հարցն է բարձրացվելու արդեն Միջազգային քրեական դատարանի առաջ»:
Կարծիքներ