Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 15-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել դիվանագիտական առաքելությունն ավարտող Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Տյան Էռլոնի հետ:
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Հայաստանի եւ Չինաստանի ու մասնավորապես երկու երկրների խորհրդարանների հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական ավանդի համար՝ ընդգծելով, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններից մեկն է: Աժ նախագահը նշել է՝ ցավոք, համավարակի պատճառով շփումները նվազել են, բայց հույս է հայտնել, որ համավարակի հաղթահարումից հետո դրանք լիարժեք կվերականգնվեն: Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ համատեղ նախագծերի, նաեւ՝ համավարակի օրերին Հայաստան ուղարկված հումանիտար աջակցության համար:
Դեսպան Տյան Էռլոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար՝ նշելով, որ ժամանակը Հայաստանում իր համար աննկատ է անցել, ինչը խոսում է այն մասին, որ աշխատանքն օգտակար եւ հաճելի է եղել: Նա հավելել է, որ հեռանում է բավարարվածության զգացումով՝ ընդգծելով, որ համատեղ աշխատանքի եւ բարեկամական հարաբերությունների շնորհիվ շատ բանի են հասել բոլոր ոլորտներում: Տյան Էռլոնը հույս է հայտնել, որ համավարակի պատճառով հայ խորհրդարանականների հետաձգված այցը Չինաստան կկայանա, քանի որ Չինաստանը մեծ նշանակություն է տալիս խորհրդարանական բարեկամական հարաբերություններին, շնորհակալություն է հայտնել Հայաստանի խորհրդարանին՝ աջակցության համար եւ Արարատ Միրզոյանին փոխանցել Չինաստանի խորհրդարանի ղեկավարի ողջույնները՝ ընդգծելով, որ Չինաստանը հաստատակամ է շարունակելու երկու երկրների խորհրդարանների հարաբերությունների զարգացմումը:
Կողմերը վստահություն են հայտնել, որ Հայաստանն ու Չինաստանը հարաբերությունների զարգացման մեծ ներուժ ունեն եւ եկող տարին այդ առումով առավել բուռն կլինի:
Կարծիքներ