Աննա Մազմանյանը Գլազգոյում հանդիպել է Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության փոխնախարար Նինո Թանդիլաշվիլիին
Շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը Գլազգոյում հանդիպել է Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության փոխնախարար Նինո Թանդիլաշվիլիին. քննարկվել են տարածաշրջանի բնապահպանական խնդիրները: Այս մասին հայտնել են Շրջակա միջավայրի նախարարությունից։
Շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանի գլխավորած պատվիրակությունը Գլազգոյում է ՝ մասնակցելու Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին` #COP26-ին։
Համաժողովի շրջանակում փոխնախարարը մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի ոլորտի միջազգային գործընկերների հետ՝ շրջակա միջավայրի հիմնախնդիրներին համատեղ լուծումներ գտնելու նպատակով։
Փոխնախարար Աննա Մազմանյանը հանդիպել է Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության փոխնախարար Նինո Թանդիլաշվիլիին։
Որպես տրամաբանական շարունակություն Հայաստանի և Վրաստանի վարչապետների վերջին շրջանի երկկողմ հանդիպումների և ակտիվ համագործակցության, գործընկերները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության հեռանկարները բնապահպանության ոլորտում։
Կողմերը քննարկել են սահմանամերձ համայնքներում անտառհատումների և անտառային ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր, կենսաբազմազանության ուժեղացված պահպանության, մոնիթորինգի ու կայուն օգտագործման խնդիրներ և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման ու կառավարման հարցեր, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման վրացական փորձը։
Փոխնախարար Աննա Մազմանյանը մատնանշել է, որ չնայած համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած դժվարություններին և առաջնահերթությունների որոշակի փոփոխությանը, Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորություններին, և որ մեր երկիրը մտադիր է տեսանելի ապագայում նշանակալի առաջընթաց գրանցել շրջակա միջավայրի պահպանության և կառավարման ոլորտում։
Աննա Մազմանյանը մասնավորապես անդրադարձել է ՇՄՆ «Արփի լիճ» ազգային պարկի գործունեությանը, լճի և հարակից պահպանվող տարածքի էկոհամակարգի անխաթարության պահպանությանը։
Փոխնախարարը ընդգծել է երկու երկրների միջև փորձի փոխանակման կարևորությունը և Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ մասնագիտական հանդիպումներ կազմակերպելու պատրաստակամություն հայտնել։
Փոխնախարար Նինո Թանդիլաշվիլին իր հերթին կարևորել է երկրների միջև շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության սերտացումը՝ ընդգծելով, որ բնապահպանությունը սահմաններ չի ճանաչում։
Վրաստանում բնության հատուկ պահպանվող տարածքները կազմում են երկրի տարածքի 30%-ը։ Այժմ կառավարման պլանների միջոցով կատարվում է նոր տարածքների գնահատում` հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ տալու համար: Եթե տարածքը համարվում է հատուկ պահպանման ենթակա,վրացական կառավարությունը նախաձեռնում է համապատասխան օրենսդրական փոփոխություններ։
Նինո Թանդիլաշվիլին ներկայացրել է Վրաստանի բնության պահպանվող տարածքների համակարգը և ինչպես է այն կառավարվում։ Վրաստանն ունի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության ենթակա կենտրոնական գործակալություն, որը համակարգում է տարբեր պահպանվող տարածքների համար ստեղծված բոլոր գործակալությունների աշխատանքը։ Պահպանվող տարածքներում առկա են առաջադեմ ենթակառուցվածքներ՝ ադմինիստրատիվ գրասենյակ, գիտական բաժիններ, պահնորդ- ռեյնջերների խմբեր և էկոտուրիզմի մասնագետներ։
Փոխնախարարը կարևորել է բնության հատուկ պահպանվող տարածքներ մուտքի հատուկ երթուղիների և այցելությունների համար տոմսերի էլեկտրոնային համակարգի առկայությունը, ինչպես նաև տարածքների վերաբերյալ բավարար տեղեկատվական նյութերի տրամադրումը։
Հայկական կողմը խնդրել է փորձով կիսվել Վրաստանում Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող GIZ-ի կողմից իրականացվող ծրագրի վերաբերյալ, որը ֆինանսավորվել է համապատասխան օրենսդրական բարեփոխումներից հետո։ Վրացական կառավարությունը ամբողջությամբ փոխել է անտառային օրենսգիրքը՝ այն համապատասխանեցնելով միջազգային լավագույն չափանիշներին:
Իրականացվող ծրագիրը բավականին ընդգրկուն է. ներառում է անտառների գույքագրում և մոնիթորինգ, անտառային թափոնների կառավարում, այլընտրանքային էներգիայի լուծումների առաջադրում անտառներին հարակից համայնքների համար և ապօրինի ծառահատումների դեմ պայքար:
Կողմերը պայմանավորվել են առավել մանրամասն և առարկայական քննարկումներ ծավալել համաժողովի ավարտից հետո։
Աննա Մազմանյանը գործընկերներին հրավիրել է Հայաստան՝ այցելելու «Արփի լիճ» ազգային պարկ և բնության հատուկ պահպանվող այլ տարածքներ՝ տեղում դիտարկելու և քննարկելու համագործակցության ձևաչափերը։
Կարծիքներ