Փաշինյանն ահազանգում է՝ ջրի ճգնաժամը Հայաստանում խորանում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է՝ Հայաստանում ջրի ճգնաժամն ահագնանում է, ինչը պայմանավորված է ինչպես ջրի նկատմամբ մարդկանց վերաբերմունքով, այնպես էլ ջրային ռեսուրսների սխալ կառավարմամբ։
ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետն ընդգծեց՝ պետք բոլոր մակարդակներում ջրի նկատմամբ փոխել վերաբերմունքը, որովհետև ջրի ճգնաժամն արդեն Հայաստանում է:
«Հայաստանում ջրի ճգնաժամը ահագնանում է: Դա գլոբալ ճգնաժամ է, իսկ Հայաստանում այն խորանում է ենթակառուցվածքների բացակայության կամ մաշվածության պատճառով, ինչպես նաև ջրի նկատմամբ մեր վերաբերմունքով»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ Հայաստանի բնակավայրերով շրջելու ընթացքում հասկացել է, թե ջրի խնդիրն ինչ մեծ ծավալների է հասնում: «Վերջերս Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում դառնությամբ արձանագրեցի, որ Հանրապետության ամենամեծ գյուղերից մեկը՝ Ներքին Գետաշենը, ջրի լրջագույն խնդիր ունի՝ ոռոգման ջրի, խմելու ջրի, կոյուղու և այլն: Նման խնդիր ունեն նաև մերձակա գյուղերը: Մյուս կողմից ճանապարհներին տեսա աղբյուրներ մեծ խողովակներով, որտեղ ջուրն ուղղակի հոսում էր: Գուցե, պատճառահետևանքային կապն ուղիղ չէ, բայ ինչ-որ կապ կա»,-ասաց Փաշինյանը:
Նա վստահեցրեց՝ ջրի հարցը պետք է լինի իրենց հաջորդ ռազմավարական ծրագիրը՝ ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների, առողջապահական համակարգերին վերաբերող ծրագրերը կյանքի կոչելուց հետո:
«Պետք է լուրջ վերաբերվենք ջրին, որը Հայաստանում չի կառավարվում, այլ ուղղակի հոսում է: Կան կազմակերպություններ, պաշտոնյաներ, ընթացակարգեր, օրենքներ, կառավարության որոշումներ, բայց ջուրը հանրապետությունում չի կառավարվում, ինչը մեր մեծագույն խնդիրն է: Այստեղ նաև գիտելիքի խնդիր կա. մենք չգիտենք՝ ինչ է նշանակում ջրի կառավարում: Դա լրջագույն խնդիր է, որի շուրջ պետք է լուրջ որոշումներ կայացվեն»,-եզրափակեց նա:
Կարծիքներ