Վստահ եմ, հավատում եմ՝ կրկին կվերածնվենք․ Լոռու մարզպետ
ՀՀ Լոռու մարզպետի ուղերձը՝
Սիրելի՛ լոռեցիներ,
Ահա և պատմություն է դառնում 2020թ.-ը:
Սովորաբար տարին ամփոփելիս խոսում ենք ձեռքբերումներից, կատարված աշխատանքներից, պարտավորվում ավարտել այն, ինչ չհասցրեցինք անել ընթացիկ տարում, խոստանում գալիք տարում շտկել բոլոր թերացումները՝ նախանշելով հաջորդ տարվա անելիքները: Ցավոք, մեր երկրում 2020թ.-ին տեղի ունեցած ծանր իրադարձությունները փոխում են նաև տարեմուտին հնչող ուղերձի բովանդակությունը, տրամաբանությունը: Ցավոք…
Բարեմաղթանքներն այսօր այլ են:
Նախ՝ ամբողջ աշխարհին պատուհասած համավարակը, ապա և դաժան պատերազմը մեզնից խլեցին ամենաթանկը՝ մարդկային հազարավոր կյանքեր, հազարավոր նպատակներ ու երազանքներ կիսատ մնացին: Չկան ամանորյա տրամադրութուններ, ուրախ, տոնական զարդարանք: Մենք այսօր համայն հայությամբ սգում ենք մեր զավակների կորուստը, հայրենքի մի մասի կորուստը:
Մի բան է սակայն մխիթարում, որ հայրենքի համար օրհասական պահերին բռունցքվել գիտենք, մեկս մյուսիս թև-թիկունք լինել գիտենք. վկայությունն այն հազարավոր բարեգործական ինքնաբուխ նախաձեռնություններն են, որոնք տարբեր անհատների ու կազմակերպությունների կողմից իրականացվեցին հող հայրենիին պատուհասած այս ծանր օրերին՝ միմիայն մեկ ուղերձով.
Քո թիկունքն ամու՛ր է, զինվո՛ր, մենք քո կողքին ենք:
Շատ կարևոր է, սակայն, որ համախբված, միակամ լինենք նաև այսուհետ, որովհետև երկիր պիտի շենանցնենք, տներ պիտի կառուցենք, զարգացման ուղի պիտի անցնենք, միասին՝ թև-թիկունք դարձած, միասին՝ մեկս մյուսիս օգնելով ու սատարելով:
Սա՛ պետք է լինի գալիք տարվա մեր գլխավոր նպատակը, անշեղ ուղին:
Սիրելի՛ հայրենակիցներ, լոռեցինե՛ր,
Վստահ եմ, հավատում եմ՝ կրկին, կվերածնվենք, ինչպես մեր հազարամյա պատմության բազմաթիվ ծանր և օրհասական պահերին ու կրկին կկերտենք մեր երկրի, զավակների ապագան՝ աշխարհին նվիրելով անգերազանցելի կոթողներ, հանճարներ, գիտական նվաճումներ: Ու աշխարհը նորից կխոսի հայի մասին, հայի անկոտրում կամքի մասին: Վստա՛հ եմ:
Թող գալիք 2021թ.-ը մեզ խաղաղություն բերի, միասնություն, կամք, ուժ և վճռականություն, մենք շատ ու շատ անելիքներ ունենք: Թող հայկական օջախներում մանկան բազմաթիվ ճիչեր լսվեն գալիք տարում. մեր հերոսները պե՛տք է վերածնվեն…
Խաղաղություն բոլորիս:
Կարծիքներ