Ինչպես շերամի թրթուրները կօգնեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծել․ ճապոնացի գիտնականի պարզաբանումները
Շերամի թրթուրից ստացված սպիտակուցը կարող է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հիմք դառնալ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ճապոնիայի Կյուսյուի համալսարանի պրոֆեսոր Տակահիրո Կուսակաբեն:
Մասնագետը բացատրել է, որ կորոնավիրուսի մակերեւույթին գտնվում է, այսպես կոչված, «S» կցող պրոտեինը, որն էլ ձեւավորում է այն նույն «փշերը», որոնց միջոցով տեղի է ունենում վարակումը:
«Շերամի օգնությամբ մենք ստեղծում ենք արհեստական կցող պրոտեին, որը ծայրաստիճան նման է նոր տեսակի կորոնավիրուսի սպիտակուցին, բայց դրա մեջ վիրուս չի պարունակվում, ուստի այն անվնաս է»,- պարզաբանել է նա:
Կուսակաբեի խոսքերով՝ շերամի մարմնի մեջ ներարկում են մարդու համար անվնաս բակուլովիրուսը՝ դրանում ներկառուցված կորոնավիրուսի գենետիկ տեղեկատվությամբ: Արդյունքում շերամի բոժոժի մարմնում ստեղծվում է սպիտակուց, որը շատ նման է կորոնավիրուսի «S» կցող պրոտեինին:
«Մենք ներկայումս մշակում ենք երկու տեսակի պատվաստանյութ` ներարկման եւ խմելու համար: Ներարկման պատվաստանյութը պատրաստելիս անհրաժեշտ է դրա մաքրում եւ անվտանգության ստուգում: Ամեն դեպքում, կարծում եմ, որ այն նույնքան անվտանգ կլինի, որքան ներկայումս օգտագործվող պատվաստանյութը: Ինչ վերաբերում է խմելու պատվաստանյութին, ապա ասիական երկրներում պատմականորեն շերամի բոժոժներն օգտագործում են սննդի մեջ, ուստի խնդիրներ չպետք է լինեն»,- ասել է Կուսակաբեն:
Պրոֆեսորի կարծիքով՝ այս մեթոդը թույլ կտա ստեղծել բարձր արդյունավետությամբ պատվաստանյութ, որի գինը չի գերազանցի գրիպի սովորական պատվաստման արժեքը: Նշվում է, որ մինչեւ 2021թ. մարտի 31-ը գիտնականները պատվաստանյութը կփորձարկեն կենդանիների վրա, հայտնում է ռադիո Sputnik-ը:
Կարծիքներ