Եթե չգնանք Բաքվի մրցաշարին, իրավունք չենք ունենա մասնակցել համաշխարհային մրցաշարին. Արայիկ Բաղդադյան
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան դեռևս վերջնական որոշում չունի Բաքվում կայանալիք Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարի մասնակցության վերաբերյալ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանն ընդգծեց, որ Բաքվի վարկանիշային մրցաշարին չմասնակցելու դեպքում թիմերն իրավունք չեն ստանա մասնակցելու Ստամբուլում կայանալիք համաշխարհային վարկանիշային մրցաշարին: Այսպես ասած՝ եթե մի մրցաշարի մասնակցությունից հրաժարվում ես, ավտոմատ դուրս ես մնում մյուս մրցաշարեր մասնակիցների ցանկից:
«Մասնակցության վերջնական որոշումը ֆեդերացիան չէ, որ պետք է կայացնի: Եթե չմասնակցենք Բաքվի մրցաշարին, իրավունք չենք ունենա մասնակցելու Ստամբուլում կայանալիք համաշխարհային վարկանիշային մրցաշարին: Օրինակ ` աշխարհի առաջնության մասնակից ըմբիշների թվից ավելի մեծ թվով չենք կարող մասնակցել Բաքվի մրցաշարին, իսկ աշխարհի առաջնությանը չենք կարող մասնակցել ավելի շատ մարզիկներով, քան եղել ենք եվրոպական ստուգատեսում»,-ասաց նա:
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի խոսքով` մասնակցության վերջնական որոշումը կկայացվի ֆեդերացիայի, ԿԳՄՍ նախարարության և ՀԱՕԿ-ի քննարկումներից հետո:
Կարծիքներ